Վիրավորների՞ն սպասարկել, թե՞՝ COVID-19-ով հիվանդներին. մարդիկ ԲԿ-ներին կանգնեցնում են ընտրության առաջ. Պարոնյան
«Վերջին օրերին մենք տեսնում ենք հիվանդության դեպքերի ռեկորդային թվեր»,- այսօր «Պատերազմական իրավիճակում COVID-19-ի դեպքերի թվերի աճ, ինչպե՞ս պայքարել» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Ըստ նրա, այս պահին համաճարակային վիճակն ավելի վատն է, քան հունիս ամսին էր։ Այսինքն՝ եթե այն ժամանակ 700-ին մոտ թվեր էին, ապա այժմ այդ դեպքերը գերազանցում են 1000-ը։ Հիվանդության դեպքերի թվերի աճը, համաճարակաբանը մասամբ կապում է պատերազմական վիճակի հետ, քանի որ ամեն օր մարդկանց կուտակումներ են լինում, մարդկանց սերտ շփումներ են լինում, փոխադրամիջոցներում կուտակումներ կան։
«Կարծես կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները մղվել են երկրորդ պլան։ Մարդիկ թուլացրել են զգոնությունը։ Թվում է, թե հակահամաճարակային միջոցառումներն այդքան էլ կարևոր չեն հիմա, երբ կա պատերազմական իրավիճակ։ Դրա հետ կապված, երբ սոցիալական հեռավորություն չի պահպանվում, անգամ մարդիկ դիմակներ չեն կրում։ Եվ արդեն չգիտես՝ ինչ ասել։ Մարդիկ պետք է առաջին հերթին իրենք հասկանան, որ նման պահվածքով, նման վարքագծով ավելի են ծանրացնում իրավիճակը։ Առողջապահական համակարգն ավելի վատ վիճակում է հայտնվելու. մենք փոխանակ օգնենք մեր առաջնագծին, հակառակը՝ առողջապահական համակարգը կանգնեցնում ենք այնպիսի վիճակում, որ վերջինս ընտրություն կատարի՝ ո՞ւմ սպասարկել՝ վիրավորներին, թե՞՝ COVID-19-ով հիվանդներին։
Մեր բնակչությունը պետք է կրկնապատկի զգոնությունը։ Դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը և ձեռքերն ախտահանելը նույնպես պետք է լինեն կամավորական աշխատանքի մի մաս։ Մենք պիտի գիտակցենք, որ դրանով օգնում ենք մեր ռազմաճակատին, և հնարավորություն ենք տալիս մեր առողջապահական համակարգերին նորմալ աշխատելու»,- շեշտեց Լուսինե Պարոնյանը։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, հանրային առողջապահության մասնագետ Վարդուհի Պետրոսյանը քաղաքացիներին հորդորեց հետևել հակահամաճարակային կանոններին։
«Այս պահին ոչ միայն անհատական առողջության հարցն է, այլև կարևոր է, որ թիկունքը լինի ամուր, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ թիկունքի մարդիկ, որոնք պետք է օգնեն մեր առաջնագծի զինվորներին, հիվանդանան, ես հավաստիացնում եմ, որ երբ մարդկանց մեծամասնությունը հետևում է կանոնների, մենք ունենում ենք լավ վիճակ»,- վստահեցրեց նա։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևն էլ նշեց, որ ԱՀԿ-ն ունի արտակարգ իրավիճակները գնահատելու համար մշակած սանդղակ 0-3 միավորի սահմանում, և տվյալ պահին իրավիճակը՝ պայմանավորված զինված հակամարտությունով, գնահատվել է 2 միավոր. «Սա նշանակում է, որ ԱՀԿ-ն նման դեպքում լիազորված է ավելացնելու Հայաստանին ուղղված աջակցությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա