«Ժողովուրդ». Շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել:
Նկատենք՝ երեք դատավորներ՝ Արսեն Մկրտչյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք ցանկություն էին հայտնել Վճռաբեկ դատարան գնալ որպես դատավոր, ներքին քննարկումներ են ունեցել և հասկացել, որ Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընտրվելու պարագայում իրենք, այսպես ասած, պարտավորություններ են ունենալու հենց իշխող ուժի հանդեպ:
Այսինքն՝ հետագայում իշխող խմբակցության պատգամավորները կարող են այդ դատավորներից պահանջել մեղմ վերաբերվել իրենց հետ կապվող քրեական գործերի առնչությամբ, և ստացվում է՝ անկախ դատավորները Վճռաբեկ գնալու պարագայում ԱԺ-ից կախված կլինեն ու, հետևաբար, կողմնակալ: Եվ այս պարագայում նրանցից շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: