Իրանի ԱԳՆ․ Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, մենք անտարբեր չենք մնա
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, Թեհրանն անտարբեր չի մնա»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության տարածքում ընթացող ռազմական բախումների հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ ուժերը պատասխան քայլի չեն դիմել:
Խաթիբզադեն հավելել է. «Մեր երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը ԻԻՀ զինված ուժերի կարմիր գիծն է և եթե նման միջադեպերը կրկնվեն, Իրանն անտարբեր չի մնա»:
Նշվում է, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանի Ղոլիբիգլու գյուղում ընկած հրթիռի հետևանքով վնասվել է մի տուն և տուժել մի բնակիչ:
Որոշ ռուսական աղբյուրներ ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը պատասխան քայլի է դիմել այն կողմի ուղղությամբ, որտեղից արձակվել է հրթիռը:
Խոդաաֆարին շրջանի ղեկավար Ալի Ամիրի Ռադը, հինգշաբթի օրը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական և ադրբեջանական ուժերի բախումների ընթացքում 10 մարտական հրթիռ է ընկել Ղոլիբիգոլի և Քյադխոդալու գյուղերում:
Հակամարտության բախումների սկզբից ի վեր 50-ից ավելի ականանետեր ու հրթիռներ են ընկել Խոդաաֆարին շրջանի մերձակա գյուղերում: