Նիկոս Դենդիաս. Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում:
«Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:
Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են:
Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:
Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:
Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳ նախարար․Լարումներն ու ապօրինի գործողությունները բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիա
- Մեր տարածաշրջանները բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը․ Զոհրաբ Մնացականյան
- Հունաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
- Հունաստանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
- Թուրքիան 20 րոպե արգելափակել է Հունաստանի արտգործնախարարի ինքնաթիռի թռիչքը օդում