Հյուսիսային ուղղությամբ երկու կատաղի գրոհներից հետո թշնամուն չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք. ՊՆ ներկայացուցիչ
«Այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից և հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ, հրթիռ, անցել են լայնածավալ հարձակման»,- այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՊՆ ներկայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով անցնող օրվա ռազմական իրավիճակը։
Նա նշեց, որ երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներին և ահաբեկչական խմբերին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք։
«Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, որոշ ուղղութուններում մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Մինչև այս պահը ընթանում են ծանր մարտեր՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ, մարտական հարվածներ են հասցվել։ Այդ ընթացքում մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչող սարքեր»,- ներկայացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Հարց. Արդյո՞ք զոհերի ցուցակներում հրապարակված անունների մեջ ներառված են նաև զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներում մահացող զինծառայողները։
Ա. Հովհաննիսյան. Բոլոր զինծառայողների անունները ներառված են, անկախ նրանից, թե որտեղ են մահացել նրանք։
Հարց. Ի՞նչ իրավիճակ է այժմ Հադրութում։
Ա. Հարությունյան. Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում, մեր դիմաց կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին պարտադիր հաղթելու ենք։ Առանձին իրավիճակը Հադրութում չի փոխվել, իրավիճակը որպես կանոն նույնն է։
Հարց. Հայ-ադրբեջանական սահմանի կոնկրետ ո՞ր հատվածները կարելի է համարել կիզակետեր։
Ա. Հովհաննիսյան. Հյուսիսում՝ Մատաղիսի ուղղությունն ու հարավում՝ մերձարաքսյան հովիտը։
Հակառակորդին ամեն օր ծանր կորուստներ են հասցնում թե՛ մեր ազատամարտիկները, թե՛ մեր կամավորները, թե՛ հատկապես կանոնավոր զորքերը։ Ավելի շատ կորուստներ է պատճառում մեր հրետանին։ Բայց ամեն տեղ չէ, որ հաղթանակները հեշտ են տրվում ու փայլում են անցնում։
Հարակից հրապարակումներ`
- ՊԲ-ն հրապարակել է ևս 29 զոհված զինծառայողների անուններ
- Արցախի ՊՆ. Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին