Դա նորից ի ցույց է դնում խորությունն այն բարբարոսության, որին մենք առնչվում ենք․ ԱԳ նախարարը՝ հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին
«Դա նորից ի ցույց է դնում խորությունն այն բարբարոսության, որին մենք առնչվում ենք, ու սա առաջին անգամ չէ ու նորություն չէ։ Մենք պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար։ Ես նորից ուզում եմ խոնարհվել բոլոր այն խիզախների առաջ, որոնք հիմա կռվում են դրա համար։ Մեր գործը լինելու է, այո՛, միջազգային հանրությանը ամենախիստ ձևով ցույց տալու խորությունն այս բարբարոսության»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին հարցին։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ փաստի իրավական, քաղաքական մասերը կարելի է արտահայտել տարբեր ձևերով, և այդ ամենը կուսումնասիրվի, կփաստագրվի ու համապատասխան պրոցեդուրալ հարցերը կլուծվեն։
«Բայց հարցը խորապես էությունն է, թե ինչ երևույթի հետ մենք գործ ունենք, որտեղ ցանկացած քաղաքակիրթ նորմեր ուղղակի ենթարկվում են ջախջախման։ Սա էությունն է այս կոնֆլիկտի»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը, պատասխանելով «հակաթուրքական կոալիցիայի» մասին հարցին, ասաց, որ այն, ինչ անում է Հունաստանը՝ ստեղծելն է ընդհանուր ըմբռնման մի համայնք երկրների միջև, ինչպիսիք են օրինակ Հունաստանը և Հայաստանը, որոնք միևնույն արժեքներն ունեն՝ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն։
«Այս փոխըմբռնումը, որին մասնակցում են նաև Կիպրոսը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, չի համարվում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն խաղաղության միասնություն, որոնք տարածաշրջանում խաղաղության հենասյուն են հանդիսանում։ Դիմելով Թուրքիային՝ պետք է ասեմ, որ մենք ուրախ կլինեինք, եթե Թուրքիան էլ կիսեր այդ նույն արժեքները մեզ հետ։ Հույս ունենք, որ վաղ, թե ուշ Թուրքիան կդառնա այդ համայնքի անդամը։ Մենք ուրախ չենք, որ Թուրքիան այսօր հակառակ կողմում է գտնվում։ Թուրքիան ընդհանուր հայտարարն է տարածաշրջանում ագրեսիայի, ապակայունացման»,- ասաց Նիկոս Դենդիասը։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳ նախարար․Լարումներն ու ապօրինի գործողությունները բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար՝ Թուրքիա
- Մեր տարածաշրջանները բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը․ Զոհրաբ Մնացականյան
- Հունաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան