Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը. Բաբկեն Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով:
Սիրելի բարեկամներ,
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝
բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել «ժամանակավոր» միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։
Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ «առավելագույնը 6» ամսվա ընթացքում։
Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։