Մեր տարածաշրջանները բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը․ Զոհրաբ Մնացականյան
«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առաջ։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակահատվածում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ մեր տարածաշրջանները՝ Միջերկրականն ու Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում են Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։
«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հրահրողն ու դրա իրականացման գործում ուղիղ ներգրավվածություն ունեցողը հենց Թուրքիան է՝ նաև օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ներգրավմամբ։ Չնայած հոկտեմբերի 10-ին ընդունված նախարարական հայտարարությանը հրադադարի վերաբերյալ, Ադրբեջանը շարունակել է մարտական գործողությունները՝ հարված հասցնելով նաև ՀՀ տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Երեկ կրկին հրետակոծման է ենթարկվել Ստեփանակերտը։
Այս ամենով Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել ԱԳ նախարարների համատեղ համաձայնությունը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել, խորացնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով ու ագրեսիա իրականացնելով ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Թեև հականալի է, որ ադրբեջանական այս գործողությունների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն դրանց անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ղեկավարությունը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի լայնամասշտաբ գործողություններում դիտավորյալ թիրախավորվում է Արցախի խաղաղ բնակչությունը, որի արդյունքում զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ, 106 անձ ստացել են վիրավորումներ, որից 86-ը՝ ծանր։
Հոկտեմբերի 10-ից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է վեց քաղաքացիական զոհ, որից չորսը գնդակահարվել են ադրբեջանական դիվորսիոն խմբի կողմից։
«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են և նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում են իրենց քայլերը, այդ թվում գերևարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները»,-ասաց ԱԳ նախարարը։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով սպառնալիք է Ադրբեջանի իշխանության որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախ։ Զինյալ ահաբեկիչների արտահանումը հանդիսանում է Թուրքիայի ներկայիս իշխանությունների ծավալապաշտապան քաղաքականության գործիքներից մեկը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ Հայաստանի լիակատար աջակցությունը հայտնեց Հունաստանին ու Կիպրոսին՝ Միջերկրական ծովում տեղի ունեցողի հետ կապված, ու կոչ արեց Թուրքիային հարգել միջազգային իրավունքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին