«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան
168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
168․am– Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։
Վիկտոր Սողոմոնյան– Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։
168․am– Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո նորից մեկնել Ստեփանակերտ։
Վիկտոր Սողոմոնյան– Անելիք շատ կա։ Պարզ է, որ այսօր պետք է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ թուրք-ադրբեջանական ագրեսիային հակահարված տալու և պատերազմը կանգնեցնելու համար։
168․am– Կոնկրետ ի՞նչ անելիքի մասին է խոսքը։ Կմանրամասնե՞ք։ Ի՞նչ հանդիպումներ ունի, կամ գուցե հեռախոսազրույցնե՞ր են։
Վիկտոր Սողոմոնյան– Չէի ուզենա մտնել մանրամասների մեջ։ Հուսով եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ օրերին։
168․am– Անցնող շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված բազմաթիվ վարկաբեկող գրառումներ հայտնվեցին։ Ինչո՞վ եք բացատրում։
Վիկտոր Սողոմոնյան– Ինքս սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր չեմ, բայց, իհարկե, գործընկերներս ներկայացրել են ինձ անցած օրերի ընդհանուր պատկերը։ Ձեր ասած արշավն արձանագրել ենք։ Նախագահ Քոչարյանի դեմ ուղղորդված ու բառիս լայն իմաստով անբարոյական ապատեղեկատվության որոշակի քանակ է լցվել սոցիալական ցանցեր, դա փաստ է։ Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարի հանդեպ ատելության մեծ չափաբաժնից ու կեղծիքի չափազանց պրիմիտիվ մակարդակից դատելով՝ կարող եմ պնդել, որ այս արշավը կազմակերպվում և իրացվում է Բաքվից, դրա հեղինակները ակնհայտորեն ադրբեջանցիներ են։ Ասում եմ վստահությամբ, որովետև չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ այս ծանր օրերին, երբ Արցախում հայրենական պատերազմ է ընթանում, մեզանում կարող է նման բան կազմակերպելու ունակ սրիկա գտնվել։
Հարակից հրապարակումներ`
- Yerevan.Today. Ադրբեջանը ցանկանում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել
- Դժվար էր պատկերացնել, որ պատերազմի պայմաններում, կարող է այդպիսի ստահակ գտնվել․ Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
- Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան