Վրաստանի ԱԳՆ-ն «Կոմերսանտ»-ի տեղեկությունները սպեկուլյացիա է որակում
Վրաստանի ԱԳ նախարարությունը սպեկուլյացիա է որակել Վրաստանի օդային տարածքով ռազմական մատակարարումների մասին լուրերը։ Այդ մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը։
Հիշեցնենք, որ «Կոմերսանտ»-ը երեկ տեղեկություններ էր հրապարակել, որոնց համաձայն, Թուրքիայից Վրաստանի օդային տարածքով ռազմական օդանավեր են վայրէջք կատարել Ադրբեջանում։ Ռուսական պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, հրապարակել էր չվերթների հստակ օրերը, օդանավերի մակնիշները, հայտարարել նաև առաջիկա օրերին նախատեսված թռիչքների մասին։
«Ավելի վաղ թուրքական կողմից ստացվել են դիմումներ՝ վրացական օդային տարածքով հեկտեմբերի 14-ի, 21-ի և 28-ի չվերթների իրականացման համար։ Աղբյուրներն ասում են, որ դրանց համար թույլտվություն է տրամադրվել»,- նշել էր «Կոմերսանտ»-ը։
«Ցավոք սրտի, վերջին օրերին ԶԼՄ-ները շարունակում են տարածել սպեկուլյատիվ տեղեկություններ Վրաստանի օդային տարածքով ռազմական մատակարարումների վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Վրաստանը փակել է իր օդային տարածքը ռազմական տիպի թռիչքների համար, ինչի մասին մենք հրապարակային կերպով հայտարարել ենք։ Ինչ վերաբերում է քաղաքացիական ու հումանիտար թռիքչներին, ապա այդ առումով Վրաստանն ամբողջովին կատարում է իր միջազգային պարտավորությունները»,- նշել է ԱԳ նախարարությունն ու ավելացրել, որ նման թռիչքների համար հատուկ թույլտվության կարիք չկա։