Ունենք 36 քաղաքացիական զոհ, որոնցից 20-ը սպանվել է իր բնակության վայրում. Արցախի ՄԻՊ
«Սեպտեմբերի 27-ից ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից մեկնարկած պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից սկսած իմ որոշմամբ ձևավորվել է փաստահավաք խումբ, որը մինչ օրս փաստագրում է քաղաքացիական բնակչության և զինծառայողների հանդեպ կատարվող իրավախախտումները»,- այսօր իր ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով, երկու միջանկյալ զեկույցներ են ներկայացվել, բացի այդ տարբեր հաղորդագրություններ են եղել ՄԻՊ-ի կողմից։ Երեկ ներկայացվել է նաև մեկ փակ զեկույց։
«Արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել մեր հավաքած տվյալները, որպեսզի տեսնեն՝ ինչ խնդիր կա հայ զինծառայողների դիակների և քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են ադրբեջանական զինծառայողների կողմից»,- նշեց նա։
Ամփոփելով անցած օրերի զարգացումները՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ այս պահի դրությամբ եղած տվյալներով՝ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր։
«Զոհերի վիճակագրությունը ըստ աշխարհագրության և ըստ սեռի՝ ներկայացրել ենք համապատասխան հաղորդագրությունում։ 36 զոհերից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը ենթադրում է, որ անակնկալ հարձակում է եղել, և թիրախային հարձակման հետևանքով է այս ամենը եղել։ Ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր և ԱԹՍ-ներ։ Մահացածներից 8-ը կին է: Նրանց կեսը 50 և բարձր տարիք ունի։ Վիրավորների կեսը ևս իր բնակության վայրում է վիրավորվել, դրանից հետո արդեն հասարակական այլ վայրերում։ 115 վիրավորից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, մոտ 20-ը՝ թեթև։ Այս 95-ից 18-ը կանայք են, մնացածը՝ տղամարդիկ»,- նշեց նա։
Ադրբեջանի հասցրած նյութական վնասը կազմում է 7800 անշարժ գույք, 1310-ից ավելի ենթակառուցվածք՝ հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի անշարժ գույք, մասնավորապես՝ մեքենա
Բեգլարյանը հիեցրեց, որ հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի հայտարարումից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը. սրա հետևանքով առնվազն 8 քաղաքացիական անձ է սպանվել։ Երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորվել, 3-ը՝ Շոշ գյուղում, 3-ը՝ Ստեփանակերտում։ Երկու բնակավայրում էլ ակնհայտորեն թիրախավորվել են բացառապես բնակավայրերի բնակելի հատվածները։
«Ադրբեջանական սոցիալական ցանցերից սկսել ենք տեղեկություններ ստանալ հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական ԶՈՒ-ում տիրում է հայատյացության ընդգծված մթնոլորտ։ Դրան ավելանում է թուրքական ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումների ներգրավումը պատերազմի մեջ, որոնք, համեմվելով թուրքական ցեղասպան քաղաքականության հետ, մեծացնում են նմանատիպ դեպքերի ռիսկը։ Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ, դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները՝ մի մասն ապաստանելով ավելի անվտանգ բնակավայրերում, մի մասը՝ ՀՀ-ում»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԻՊԾ. Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ
- ՊԲ. Լուսադեմին Ադրբեջանն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին
- Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան