ՌԴ-ում Իրանի դեսպանը հնարավոր է համարում նաև ԻԻՀ -ի մասնակցությամբ խաղաղ կարգավորման այլ մոդելները
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ծավալվող հակամարտության մասին:
- Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը ԼՂՀ կարգավորման հարցում: Իսկապե՞ս պատրա՞ստ եք միջնորդ լինել Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին: Ճի՞շտ է, որ Իրանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից:
- Նախ պետք է ասեմ, որ մենք կողմ ենք մեր երկու հարեւանների միջեւ խաղաղությանը և համոզված ենք, որ այս պատերազմը կարող է վնասել ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի ժողովուրդներին: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս հարցում չեզոք դիրքորոշում պահպանելով, շատ ակտիվ աշխատում է մեր երկու հարևանների պատասխանատու անձանց հետ:
Մենք անհրաժեշտ ջանքեր գործադրեցինք, հորդորեցինք զսպվածության: Երկրորդ, մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք կհանգեցնեն փոխզիջման երկու երկրների միջև և, մասնավորապես, այն նախաձեռնությունը, որը Ռուսաստանը ցուցաբերեց նախագահ Պուտինի միջնորդությամբ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները եկան Մոսկվա և բանակցություններ վարեցին:
Երրորդ կետն այն է, որ մենք ողջունում ենք նաև այլ նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել խաղաղության:
Տարբեր տարբերակներ կան: Ոմանք ասում են, որ տեղին կլինի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես երաշխավոր երկրների միջնորդության ձևաչափը՝ համաձայն Աստանայի ձևաչափի մոդելով: Կամ այլ մոդելներ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Իրանի ու Թուրքիայի միջև ինչ-որ համադրությունը և այլ առաջարկներ: Այս առաջարկները նույնպես ենթակա են ուսումնասիրության և քննարկման: Կարծում ենք, որ այդ առաջարկները, իհարկե, պետք է արդյունավետ լինեն, որպեսզի այդ նախաձեռնություններն ի վերջո, հանգեցնեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության: