«Ժողովուրդ». Բացի ՀԱՊԿ համաձայնագրից, ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ ունի նաև այլ պարտավորություններ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պատավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաև հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը:
Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչև 2044թ.:
Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն՝ ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց: Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու և հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց:
Նորացված պայմանագրի 3-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական և համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Ստացվում է՝ բացի ՀԱՊԿ համաձայնագրից, Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ի նկատմամբ ունի նաև այլ պարտավորություններ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին