Թող մեզ ջրամբարով չվախեցնեն․ Ջրաբանը Ադրբեջանի նկրտումների մասին
«Վերջին օրերին նրանց կարևոր ռազմական թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամուրջի մոտակայքում կառուցված ջրամբարին տիրանալն է։ Սա շատ խոշոր ջրամբար է, կառուցվել է Արաքս գետի վրա, Իրանի ֆինանսական միջոցներով։ Ջրամբարը հիմնականում օգտագործում է Իրանի իսլամական հանրապետությունը։ Թուրքադրբեջանական ահաբեկչական խմբերը փորձում են ինչ-որ կերպ վնաս հասցնել ջրամբարին»,- այս մասին օրերս մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Ավելի վաղ բնապահպանական հնարավոր աղետի մասին զգուշացրեց նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ո՞ր ջրամբարի մասին է խոսքը և ի՞նչ հետևանքներ կարող է առաջանալ թշնամու հնարավոր հարվածից
Խոսքը՝ «Խոդա Աֆարինի» ջրամբարի մասին է ,որը գտնվում է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին։ «Խոդա» թարգմանաբար նշանակում է Աստված, այսինքն՝ իրանցիներն այն կոչել են «Աստծո» ջրամբար։ Արաքս գետի վրա կառուցված այս ջրամբարը շահագործվում է 2010 թվականից։ Ջրամբարի կառուցումն ունի 2 նպատակով՝ ստանալ էլեկտրաէներգիա և ոռոգել Իրանի հյուսիսային շրջանի շուրջ 75.000 հա հողատարածք։
Հաշվի առնելով Իրանի, հատկապես հյուսիսային շրջանների բնապահպանական սուր վիճակը, մասնավորապես, կլիմայական փոփոխությունների ֆոնին ջրային պաշարների կտրուկ անկումը, գետերի ջրերի ցամաքում, ջրամբարն իսկապես փրկություն կամ «Աստծո պարգև» կարելի է համարել Իրանի համար։ Սակայն, ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, հիմա էլ ադրբեջանական կողմը թիրախավորել է ջրամբարը՝ ցանկանալով վնասել այն։
Եթե ադրբեջանցիները վնասեն ջրամբարն, ապա առաջին հերթին այն պատուհաս է դառնալու Իրանի համար։ Ջրաամբարը բավականին մեծ է ծավալներով (1,612×106 մ3 ) և հնարավոր փլուզման դեպքում մոտակա գյուղերը կունենան զգալի մարդկային և նյութական կորուստներ։
Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ջրամբարի ջրերը սնում են Ուրմիա լիճը, որն ունի բարձր աղակալություն։
«Ուրմիա լճից էլ դուրս է գալիս Ուրմիա գետը, որն անցնում է ողջ Ատրպատականով և ոռոգում մոտակա գյուղերի հողատարածքները։ Այս գյուղերը ևս կկրեն մեծ կորուստներ։ Բացի այդ, ջրերը կլվանան և կտանեն հողի վրայի շերտը, առաջացնելով հողային էրոզիա։ Մի խոսքով՝ կդառնա տափաստանային տարածք։ Առանց այդ էլ տարածաշրջանում նկատելի է կլիմայական փոփոխության հետևանքները, հնարավոր աղետի դեպքում, փոփոխությունն առավել ցայտուն կլինի։ Կարձանագրվի նաև բուսական և կենդանական աշխարհի կորուստներ»,- ասաց ջրաբանը։
Այդուհանդերձ, Քնարիկ Հովհաննիսյանը հակառկորդին հորդորում է, մեզ չվախեցնել ջրամբարի հարվածով, քանզի նույն աղետը կարող է իրենց «դուռը չոքել»։
«Եթե մենք թիրախավորենք իրենց Մինգեչաուրի ջրամբարը, ապա ջրերը կմաքրեն Ադրբեջանի զգալի մասը, ներառյալ՝ Բաքուն։ Մեր Ախուրյանի ջրամբարից 2-3 անգամ մեծ է, մի ծով է։ Այնպես, որ թող մեզ վրա մատ թափ չտան»,- ավելացրեց մասնագետը։
Ընդհանուր առմամբ, խոսելով մեր ջրամբարների անվտանգության խնդրից, ջրաբանը ընդգծեց, որ առհասարակ մեր երկրում կառուցված և կառուցվող ջրամբարներն ունեն բարձր անվտանգություն։ Կառուցվելիս հաշվի են առնվել մեր թշնամիների հավակնոտ ցանկությունները։ Ավելին, Հովհաննիսյանի պնդմամբ, եթե Հայաստանում վնասվի որևէ ջրամբար, ապա առաջին վնասը կկրեն հենց հարևանները։
Մասնագետը նաև նշեց, որ պատահական չէ Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները հատկապես ջրային պաշարների մասով, քանզի երկու երկրներում էլ քաղցրահամ ջրային պաշարների մեղմ ասած սղություն է։
Ադրբեջանում վերջին տասնամյակում 1-1,5 անգամ նվազել է Քուռ գետի ջրի մակարդակը, որը հիմնական ջրային աղբյուրներից է։ Արդյունքում առաջացել են գյուղատնտեսական հողերի ոռոգման խնդիրներ և ոչ միայն։ Մեղմ ասաց, այս երկիրը կանգնած է էկոլոգիական աղետի եզրին։
«Ջրային սթերս» է նաև հարևան Թուրքիայում։ Խմելու ջրի խնդիրն այնքան սուր է դրված, որ պատասխանատու մարմինները մտածում են խոշոր քաղաքներում ջուրը բնակիչներին հասցնեն ժամով։ Չնայած, որ հսկայական ֆինանսական միջոցներ են ծախսվում ջրամբարների կառուցման և ջրային պաշարների կուտակման համար, այդ թվում Արաքս գետի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան