Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը
Երեկ 70 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը։
«Կյանքից հեռացավ հրաշալի մի մարդ, իր գործի բացառիկ նվիրյալ, նուրբ մտքի և հումորի, խորքային դիտողականության տեր արտիստը: Բոլորովին վերջերս, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի «Դեկամերոն» ներկայացման առաջնախաղից հետո առիթ եղավ երկար զրուցելու իր հետ. զվարճախոսության ու անսպառ սրամտության ժամեր էին իր և Արմեն Էլբակյանի «առաջատարությամբ»: Ավաղ, մարդկային մեր բացահայտումերը միշտ ուշացած են... Խոնարհումս Ձեր լուսավոր կերպարի և հիշատակի առջև: Հանգչեք խաղաղությամբ, վաստակավոր արտիստ, մեր սիրելի Վանիկ Մկրտչյան...»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950թ., Արթիկում: 1978 թվականից աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, միաժամանակ՝ 2008 թվականից` Երևանի պետական Համազգային թատրոնում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Թատրոնում խաղացել է՝ բանաստեղծ՝ «Մեծապատիվ մուրացկաններ», Հանիբալ՝ «Տարօրինակ միսիս Սևիջը», Քամիյ՝ «Կասկածը կնոջ սրտում», Պաղտասար՝ «Պաղտասար աղբար» և այլ ներկայացումներում։
Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:
2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին