Չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն Ադրբեջանի նման պահվածքը. Դավիթ Բաբայան
«Ընդհանուր առմամբ, որոշ հատվածներում մարդասիրական հրադադարն ուժի է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը, փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով, բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում, սակայն հակառակորդը, իր կարծիքով, շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողությունները։
«Հիմնական թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որը հիմնականում բավարարում է հարևանի Իրանի կարիքները։ Մենք դրա մասին մեր տեսակետը ներկայացրել ենք հանրությանը, որ Թուրքիան, Ադրբեջանը, ահաբեկիչները փորձում են այդ ռազմավարական կարևորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում ազդեցություն գործեն, ազդեցիկ լծակ ունենալ Իրանի նկատմամբ, քանի որ այնտեղ մենք ունենք լուրջ էկոլոգիական խնդիրներ»,- ասաց Դ. Բաբյանը։
Նա նշեց, որ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թուրք-ադրբեջանական, ահաբեկչական այդ եռամիասնության հեռահար աշխարհաքաղաքական նպատակները։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը, ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։
Դ.Բաբայանն ասաց, որ շարունակվում են նաև Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները, մի շարք խմբերով ներաթափանցում են ՌԴ տարածք։ Նույնը կատարվում է նաև Իրանի սահմանին։
«Միջազգային հանրության ջանքերն, ընդհանուր առամամբ, դրական ենք գնահատում, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության՝ հրադադարի վերականգնման ու պատերազմի դադարեցմանն ուղղված քայլերը»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։
Նա նշեց, որ կարծում են՝ եթե այս անգամ ևս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը, կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ շատ ավելի կոշտ, լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քանի որ սա արդեն կլինի մարտահրավեր. «Առանց այն էլ մարտահրավեր է միջազգային հանրությանը, չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանուրժեն նման պահվածքը»։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ Արցախը պինդ է, կանգնուն անկախ ամեն ինչից.
«Հասկանում ենք, որ նման մարտահրավերը հազվադեպ է լինում ժողովորդի, ազգի ճակատագրում, քանի որ իսկապես ճակատագրական է։ Կանգնելու ենք մինչև վերջ, թող որևէ մեկը կասկած չունենա։ Կանգնելու ենք մինչև վերջ, պահպանելու ենք ու փրկելու մեր հայրենքը, ժողովրդին»։
Միևնույն ժամանակ Դ. Բաբայանը նշեց, որ, իր համոզմամբ, միջազգային հանրության ջանքերը ժամանակին եթե լինեին ավելի կոշտ, միգուցե չէին ունենա այս իրավիճակը.
«Այն կազմակերպությունները, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ, կոշտ արձագանքել, միգուցե ունենայինք այլ իրավիճակ։ Բայց սա ցույց է տալիս մի բան. պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ, բայց մեր խաղաղության ու անվտանգության ամենակարևոր գրավականը նաև ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը։ Մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետևություններ անել բոլոր մակարդակներով»։
Նա նաև ասաց, որ որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ, որովհետև ադրբեջանական, թուրքական, ահաբեկիչների այնքան դիակներ կան ու արդեն սկսվել են այլ գործընթացներ, ինչը սանիտարական լուրջ խնդիր է։
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ հոկտեմբերի 18-ի ժամը 00։00-ից հաստատված մարդասիրական զինադադարն անժամկետ է, թեև ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ հայտնում են, որ մի քանի օրով է։
«Այդպիսի բան չկա։ Եթե նրանք հայտարարում են մի քանի օրով է, հետևապես նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմեն ինչ-որ ագրեսիվ գործողությունների, բայց այդ զինադադարն անժամկետ է»,- ասաց Դ. Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որևէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա. Արմեն Պետրոսյան
- Գիշերը Արցախի խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ կրակ չի եղել
- ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ. ՊՆ
- Վարդան Ոսկանյան. Բաքվի բռնապետի քարոզչամեքենան այս պահին տանում է մի գիծ
- Հենց այդ էլ ուզում էինք լսել. Շուշան Ստեփանյանը՝ ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի
- Թշնամին ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել, երկուստեք կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Առավոտյան ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը խախտել է հումանիտար հրադադարը
- ՀՀ ԱԳՆ. Բարձր ենք գնահատում Մինսկի խմբի ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը
- Արցախի ԱԳՆ-ն՝ մարդասիրական հրադադարի մասին
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան