Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին
Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցներն հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ երկու հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ դիմած փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը երեկ հայտարարեցին՝ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին, նրանք ողջ են, գտնվում են հոսպիտալում։
Դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին Մսրդու Իրավունքների Եվրոպական Դատարանը բավարարել էր հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Գերեվարված երկու հայ զինվորները զանգահարել են ծնողներին
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է մինև հոկտեմբերի 22-ը ներկայացնել հայ գերիների առողջական վիճակի մասին տեղեկություններ
- Ադրբեջանի ԶՈւ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված, պաշտպանության միջոցներից զրկված հայ գերիներին