
Ստեփանակերտը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի. ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է՝ սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի
Նշվում է, որ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը:
«Քաղաքը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի, այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր արդեն կատարվում են: Առաջնայինը՝ բնակչության համար անվտանգ միջավայր ստեղծելն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում:
«Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»,- նշել է Կարեն Սարգսյանը։
«Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին»: