Դիերի առկայությունը աղետալի է նաև վարակիչ հիվանդությունների տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից. ՄԻՊ
Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Այս մասին ահազանգում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ըստ նրա, Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառույցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ: Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:
«22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին:
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:
Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:
Այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949թ.-ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են:
Միջազգային հանրությանը՝ անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին