Հունան Պողոսյանը՝ սյունեցիներին. Հետևեք համայնքների ղեկավարների ցուցումներին
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ուշ գիշերին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Հարգելի՛ սյունեցիներ
Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաև թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։
Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետևեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով և ինչպես կարող եք, օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։
Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի և մեր զավակների ապագայի»։
Հիշեցնենք, որ մինչ այդ մարզի երկու քաղաքաների՝ Մեղրիի ու Քաջարանի համայնքապետերը կոչ էին արել շտապ կամավորագրվել Սյունիքի սահմանները պաշտպանելու համար։
Քաղաքապետերի կոչից հետո սոցցանցերում բարձրացված քննարկումներին հետևեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը.
«Հարգելի հայրենակիցներ,
Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն ընթացքով, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին