Դիերն այլանդակվում են, գերիները՝ գնդակահարվում. դիմել ենք ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինվորականների կողմից հայ զինծառայողին գլխատելու դեպքը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա նշեց, որ հիմա նախապատրաստվում է ՄԻԵԴ ուղարկվող նյութերի թարմացում, այդ փաստը ևս ավելացվելու է ուղարկվող այլ դեպքերին։
Ըստ Եղիշե Կիրակոսյանի, պատերազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ արդեն իսկ պահանջ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու.
«Հաջորդ քայլն արդեն, Թուրքիայի ներգրավվածության մասին եվրոպական դատարան ներկայացված խնդրանքն էր՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու, որպեսզի կանխվի վերջինիս ուղղակի և անուղղակի միջամտությունը։ Հոկտեմբերի վեցին այս դիմումը հաստատվեց, և Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառվեց, որի հիման վրա էլ ընթացան պրոցեսներ»։
Եղիշե Կիրակոսյանը շեշտեց, որ Թուրքիայի կողմից միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի Եվրոպական դատարանը դադարեցնի միջանկյալ միջոցը, այդ նպատակով հատուկ նամակ է ուղարկվել Թուրքիայի արրգործնախարարի կողմից, սակայն այդ խնդրանքը մերժվել է։ Դա վկայում է այն մասին, որ ներկայացված ապացույցները և փաստարկները ակնհայտ համոզիչ են։
«Հաջորդ քայլը, որ արվել է. երեկ դիմել ենք եվրոպական դատարանին՝ կապված տեսանյութերի հետ, որոնցում հստակ երևում են ռազմագերիների գնդակահարությունների, դիակների նկատմամբ վատ վերաբերմունքի և այլանդակությունների, գլխատումների դրվագներ, որոնք սարսափելի են։ Դրանք ինքնին մարդասիրական իրավունքի տեսանկյունից անընդունելի են։ Մենք դիմել ենք ԵԴ, որպեսզի կիրառված միջանկյալ միջոցների շրջանակներն ընդլայնվեն։ Ակնկալում ենք, որ շուտով այս դիմումն էլ իր պատասխանը կստանա»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան