Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ:
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։
Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռքբերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծել է վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: Կանադայի ԱԳ նախարարը, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:
Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակներում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է՝ Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ
- Մնացականյան-Բորել հեռախոսազրույցում ներկայացվել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան