«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մեզ համար ռազմավարական դեր ունի». Վարչապետի հարցազրույցը «ТАСС»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակզմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
ТАСС - Պարոն վարչապետ, վերջին շրջանում Դուք բազմաթիվ հարցազրույցներ եք տվել տարբեր երկրների զանգվածային լրատվության միջոցներին: Բայց իրավիճակը տարածաշրջանում շարունակում է արագորեն փոխվել: Այդ պատճառով մենք կցանկանայինք կանգ առնել, մեր կարծիքով, առավել սկզբունքային, հիմնական կետերի վրա, որոնք առանձնապես փոփոխությունների ենթակա չեն և կարող են օգնել մեր ընթերցողներին՝ ավելի լավ հասկանալ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում:Դուք արդյոք տեսնո՞ւմ եք Մոսկվայում համաձայնեցված հրադադարին վերադառնալու հնարավորություն, թե՞ այն արդեն վերջնականապես տապալվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դուք հիշատակեցիք միջազգային զանգվածային լրատվամիջոցների մասին: Ես կցանկանայի ընդգծել, որ, կարծում եմ, այս պահին միջազգային հանրության կարծիքը փոխվում է: Այն փոխվում է, և մարդիկ ավելի շատ են տեղեկանում այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Եվ, իհարկե, սա կապված է ոչ միայն մեր կառավարության ակտիվ տեղեկատվական քաղաքականության հետ, այլև ակտիվ գործողություններով, որոնք ձեռնարկում է հայկական սփյուռքը:
Եվ ես ուզում եմ ընդգծել, որ, ճիշտ է, ոչ բարձր կամ բարձրագույն քաղաքական մակարդակով, բայց այժմ արդեն նկատվում են որոշակի տեղաշարժեր Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման գործընթացում: ԱՄՆ բավական շատ նահանգներ, եվրոպական մի շարք քաղաքներ արդեն ընդունել են համապատասխան փաստաթղթեր, բանաձևեր, որոշումներ: Արդեն մի քանի եվրոպական խորհրդարաններում ընդունվել են Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևեր:
Գործնականում այսօր միջազգային հանրությունը կասկած չունի, որ Թուրքիան ամբողջովին ներգրավված է ռազմական գործողություններում, և որ Թուրքիան է եղել այս պատերազմի գլխավոր նախաձեռնողը: Որ Թուրքիան է վարձել և Սիրիայից հակամարտության գոտի տեղափոխել ահաբեկիչներին և վարձկաններին: Ցավոք, մենք արդեն տեսնում ենք, որ այդ վարձկանների մի մասը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս՝ արդեն ուղղակիորեն Ռուսաստանի տարածք: Մենք արդեն տեսնում ենք ահաբեկչական խմբավորումների ակտիվությունը: Եվ ես վստահ եմ, որ սա պատահականություն չէ, քանի որ այն գործընթացները, որոնք այժմ տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, արդեն դուրս են եկել Լեռնային Ղարաբաղի խնդրի շրջանակից: Սա արդեն մի իրավիճակ է, որը շոշափում է մեր տարածաշրջանի և նույնիսկ տարածաշրջանից դուրս շատ այլ երկրների ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եվ ես վստահ եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել կյանքի կոչել մոսկովյան հայտարարությունը, որովհետև կան ուժեր, որոնք խոչընդոտում են դրան, շատ կոնկրետ խոչընդոտում են: Եվ առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիան շահագրգռված է մոսկովյան հայտարարության տապալմամբ 2 պատճառով՝ Թուրքիայի գործողություններն ուղղված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը: Եկեք չմոռանանք, որ այդ հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ: Որոշ ուժեր և կոնկրետ Թուրքիան շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը հաջողություն չունենա: Եվ դրանով նրանք հույս ունեն նաև դրանով խաթարել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում:
Կարծում եմ՝ բոլորս ենք հասկանում, թե ինչ է կատարվում, և անհրաժեշտ է համառորեն աշխատել՝ մեր տարածաշրջան կայունությունը վերադարձնելու համար: Իհարկե, մենք շատ սերտորեն կհամագործակցենք Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ և հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես կաջակցեն այդ ջանքերին:
ТАСС - Պարոն վարչապետ, Ռուսաստանը շարունակում է ելնել զինվորականների միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունից՝ հրադադարի վերահսկման մեխանիզմը համաձայնեցնելու նպատակով: Արդյոք Հայաստանը համաձա՞յն է նման հանդիպմանը: Ի՞նչ ձևաչափով և ո՞ր կողմերի մասնակցությամբ է համաձայն Հայաստանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, նման նախաձեռնություն արդեն եղել է, և Մոսկվայում նշանակված էին կոնսուլտացիաներ, որոնց ակնկալվում էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչների մասնակցությունը: Մեր ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, կատարել են իրենց աշխատանքը: Սակայն, իմ տեղեկություններով, Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները դեռևս չեն մասնակցել այս ձևաչափին, ինչը կարող է նշանակել, որ նրանք պարզապես հրաժարվում են անել դա: Ես չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ, իմ տեղեկություններով, մինչ օրս նրանք չեն մեկնել Մոսկվա, որպեսզի մասնակցեն այդ կոնսուլտացիաներին:
ТАСС - Խաղաղության մասին: Դուք պատրա՞ստ եք կարգավորումն սկսել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին փուլային ճանապարհով փոխանցելուց՝ Հայաստանի համար պահպանելով Լաչինի միջանցքը, մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես բազմիցս ասել եմ, և դա Հայաստանի՝ փաստացի բոլոր ժամանակների պաշտոնական դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, մեզ համար ռազմավարական դեր ունի: Դուք ահա հիշատակեցիք մի տարբերակ: Ես գիտեմ, որ Հայաստանը մոտավորապես նմանատիպ մի լուծման պատրաստ է եղել մի քանի տարի առաջ: Այդտեղ, սակայն, մեկ նյուանս է եղել՝ իսկ ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
ТАСС – Նկատի ունեք Կազանյա՞ն համաձայնագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ թվում նաև Կազանյան նախաձեռնությունը: Բայց ցանկանում եմ ասել, որ այնքան էլ խելամիտ և պրագմատիկ չեմ համարում գնալ լուծման՝ կենտրոնանալով որոշ կարևոր կետերի վրա և ուշադրությունից դուրս թողնելով մյուս կարևոր կետերը: Պետք է հասկանալ, թե ինչպես է միևնույն կամ նմանատիպ հարցին պատասխանում Ադրբեջանը. իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին