Համանախագահների մոտ օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ իրականացվի. փոխարտգործնախարար
«Շատ կարևոր է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահ երկրներից առավել ակտիվ է Ռուսաստանը, Ֆրանսիան։ Հրադադարի հայտարարման երկրորդ փորձը, ըստ էության, փորձում էր առաջ տանել Ֆրանսիան։ Հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումից։
Նրա խոսքով, երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որպեսզի ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարն իրականացվի:
Շ․ Քոչարյանը պատահական չհամարեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ քննարկումը հենց դրան էր նվիրված, որպեսզի երաշխավորված լինի, չլինի որ անընդհատ հայտարարվում է այս ինչ ժամից հրադադար ու խախտվում է։
Փոխարտգործնախարարն ասաց, որ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ, որ նպաստեն կողմերի՝ փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատը, որը կապված է նրա հետ, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ են, թույլ չտալ վերսկսվեն ռազմական գործողությունները, որը 2016-ին միանգամից վերսկսվեց, հիմա էլ նորից վերսկսվեց։
«Սա իրենց համար ահազանգ է»,- ասաց Շ.Քոչարյանը։
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում նախանշված հանդիպումն ինչի՞ն է միտված լինելու, փոխարտգործնախարարն ասաց. «Տվյալ պարագայում ես չեմ տիրապետում, բայց ընդհանուր առմամբ այսօր արձանագրում եմ, որ օրակարգում համար մեկ խնդիրն է դրված, համենայնդեպս միջնորդների կողմից, որպեսզի լինի հրադադար, որը պահպանվի»։
Ինչ վերաբերում է միջազգային կառուցների արձագանքին, արդյոք բավարարում է հայկական կողմին, Շ. Քոչարյանն ասաց, որ տարբեր արձագանքներ կան, այստեղ շատ էական է հետևյալ հանգամանքը՝ հստակությունը մեր դիրքորոշման։
«Իհարկե, շատ տեղեր կան, մենք բավարարված չենք. չի կարելի դիտարկել Արցախի Հանրապետությունը որպես տարածք, քանի որ ճանաչված չէ, որտեղ մարդիկ չեն կարող օգտվել տարրական մարդկային իրավունքներից։ Չի կարելի տարբերակել մարդկանց, կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում։ Դա ակնհայտ է, այստեղ խնդիրներ կան։
Իրականում մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում։։ Հայկական կողմերի համար ամեն օրը ցավալի է, որովհետև կյանքեր են, բայց մյուս կողմից պետք է գիտակցենք, որ եթե խոսքը վերաբերում է քո անվտանգության պաշտպանությանը, առաջին հերթին քո պարտքն է։ Այն, ով հույսը դնում է՝ օտարը կգա կօգնի, դատապարտված է։
Ցավալի է, բայց մենք պատերազմի մեջ ենք, ավելին՝ Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելու մասին է խոսքը, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը։ Այդ տեսանկյունից պետք է շատ վճռական մեր մարտը հաղթենք, որից հետո կտեսնենք, թե ինչ հարգանքով մեզ կվերաբերեն բոլոր միջազգային կազմակերպությունները։
Դիվանագետները միշտ պետք է գործեն, բայց հաղթանակը դիվանագետին անհամեմատ ավելի բարձր հնարավորություն է տալիս, քան եթե այդ հաղթնակը ֆիքսված չէ դեռ»,- ասաց Շ. Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նեբենզյան խոսել է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ քննարկման մասին
- ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ լուրը
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում քննարկվել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության հարցը
- Պոմպեոն կընդունի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
- Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում