Արտակ Բեգլարյան. Այս կույր աշխարհում գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ
The American Conservative պարբերականը հրապարակել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հոդվածը։
«Երբ վեց տարեկան էի, խաղացի մեր այգում ընկած ականի հետ ու արդյունքում կորցրեցի տեսողությունս։ Նույնիսկ այդ ժամանակ հեգնանքն ինձ չլքեց։ Պետությունը, որում ես ապրում եմ, ամեն դեպքում անտեսանելի է։ Այն քարտեզների վրա գտնել չեք կարող։ Այն չի ճանաչվել աշխարհի որևէ ժողովրդի կողմից։ Այցելելով այստեղ՝ դու կարող ես մերժվել հարևան երկրի կողմից, նույնիսկ եթե Էնթոնի Բուրդենի պես հայտնի հեղինակություն ես։
Անտեսանելի պետությունում՝ Արցախի Հանրապետությունում, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, ես այսօր ծառայում եմ որպես Մարդու իրավունքների պաշտպան։ Երկու տարի առաջվանից սկսած, երբ ես ստանձնեցի իմ պաշտոնը, իմ գործն է պաշտպանել այս հողում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքը ցանկացած ոտնձգությունից՝ լինի Արցախի կառավարության, թե օտար հակառակորդի կողմից։
Աբսուրդ, նույնիսկ անհնար առաքելություն էր պաշտպանել այն մարդկային էակների իրավունքները, որոնք միջազգային հանրության համար չկան։ Չնայած իմ հրավերներին, մարդու իրավունքների միջազգային խոշոր ոչ մի կազմակերպություն երբևէ չի այցելել մեր հանրապետություն՝ ստուգելու, թե ինչպես են երեխաների, կանանց, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանվում Արցախում կամ նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը բարելավելու մեր ջանքերին:
Այս տարիներին ինքս ինձ մտածում էի՝ այս կույր աշխարհում արդյոք գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ»,- գրում է Արտակ Բեգլարյանը։
Նա ընդգծում է, որ սեպտեմբերի 27-ի պատճառով այդ հարցն այլևս չի կարող անտեսվել։ Այդ օրը Ադրբեջանը Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմի, սիրիացի ու լիբիացի վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սկսեց համակարգված ու մասշտաբային ներխուժում Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով 1994-ին հաստատված հրադադարը։
«Նույնիսկ հրադադարի մասին հայտարարելուց հետո քաղաքացիական բնակչության անխնա թիրախավորումը ստեղծեց մարդու կյանքի իրավունքների ճգնաժամ, որը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ես կորցրել եմ տեսողությունս, բայց ճանաչում եմ կասետային ռումբը, երբ լսում եմ դրա ձայնը։ Ես կարող եմ դիպչել Շուշիի Սուրբ Ղանաչեցոց եկեղեցու ավերակներին, որը մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց, մինչ ներսում քաղաքացիներն ու Արցախ այցելած լրագրողներն աղոթում էին։ Ես կարող եմ զգալ կերոսինի հոտն ապաստարաններում, որտեղ հիմա մեր երկրի կանայք ու երեխաներն են պատսպարվել՝ սպասելով պատերազմի ավարտին»,- նշում է նա։
Բեգլարյանը գրում է, որ ՄԻՊ գրասենյակի իր գործընկերների հետ հավաքել են մարդու իրավունքների դեմ բռնություններն ու հույս ունեն՝ աշխարհը կդադարի կույր լինել դրանց նկատմամբ։
«Դիվանագետներն ու իրավաբանները կարող են կշռել «ժողովուրդների ինքնորոշումն» ընդդեմ «տարածքային ամբողջականության»։ Վերլուծաբանները կարող են բանավիճել հայերի դեմ կռվող սիրիացի վարձկանների, ջիհադիստների ու այլ արմատականների աշխարհքաղաքական ազդեցությունների շուրջ։ Հայաստանի ու Ադրբեջանի բանակները կարող են ճակատամարտերի պլաններ գծել։ Այս ամենը կշարունակվի առաջիկա օրերին ու շաբաթներին։ Բայց ի՞նչ կասեք մարդու իրավունքների մասին։ Այս տարածքում կա՞ն մարդու իրավունքներ, արդյոք երեխաներն իրավունքներ ունե՞ն այստեղ, կանայք ունե՞ն իրավունքներ, արդյոք հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավունքներ ունե՞ն այստեղ, արդյոք Արցախի 75 հազար բնակչությունն ունի՞ իրավունքներ, արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմագերիներն ունե՞ն իրավունքներ»,- գրում է Արցախի ՄԻՊ-ն իր հոդվածում։
Նա ընդգծում է՝ միշտ հավատացել է, որ մարդու իրավունքները չեն բխում որևէ կառավարության կամ աշխարհաքաղաքական ձեռքսեղմումից, դրանք սահմանված չեն 1921 թ. Ստալինի՝ Արցախը Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությանը միացնելու որոշմամբ, դրանք կախված չեն այն բանից, թե որ երկիրը նավթ ունի՝ դրա եկամուտներով իրենց անունից լոբբիստներ վարձելու համար:
Բեգլարյանը հիշեցնում է՝ մարդու իրավունքներն ի ծնե են, ցանկացած անհատ կամ կազմակերպություն, որը հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները, պետք է պաշտպանի դրանք առանց սահմանափակումների, հատկապես, երբ վտանգված է խոցելի ու անապահով բնակչության կյանքը։
«Դուք կարող եք կոչել Արցախի Հանրապետություն, կամ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք, կամ որևէ այլ բան։ Բայց այստեղ մարդիկ են ապրում, այստեղ հազարավոր տարիներ եղել է հին, քրիստոնյա ժողովուրդ, որին հիմա անխնա ռմբակոծում են, ավիրում ու ոչնչացնում։ Ես էլ երբեք չեմ տեսնի։ Այստեղ շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի։ Բայց ես հույս ունեմ, որ դուք կարող եք սկսել տեսնել, թե ինչ է տեղի ունենում այստեղ։
Մինչ քաղաքական գործիչները, կամ վերլուծաբանները, կամ բանակները գտնեն իրենց լուծումները, մենք՝ մարդու իրավունքների պաշտպաններս պետք է իրականացնենք մեր առաքելությունը, այն է պաշտպանել բոլոր մարդկային էակների իրավունքները, ինչքան էլ անտեսանելի նրանք թվան»,-ամփոփում է հոդվածը Արցախի ՄԻՊ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան