Տնտեսվարողները պետք է վճարեն զինծառայողների համար նախատեսված դրոշմանիշային վճարները. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունների կատարման վերաբերյալ: Կոմիտեն հիշեցնում է, որ այդ գումարն ուղղվում է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումանը:
«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:
Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն»,- ասվում է հայտարարության մեջ։