«Փաստ». Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլևս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ
«Փաստ» թերթը գրում է.
«Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից և Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։
Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս և ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։
Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։
Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։
Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաև Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլևս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում