Այսօր նաև թեժ է եղել կենտրոնական ուղղությունը. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են, և ըստ էության, շարունակվել են բոլոր ուղղություններով։ Այսօր նաև թեժ է եղել կենտրոնական ուղղությունը»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում։
Նրա խոսքով, հյուսիսում մարտական գործողությունները եղել են հարձակողական. Ադրբեջանի ԶՈՒ-երը մի քանի փորձ են արել, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ։
«Կիրառվել է ավիացիա, ինքնաթիռներ, որոնք որևէ հաջողության չեն հասել։ Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները ՊԲ-ն տեսանյութով հրապարակել է, փորձել են ներթափանցել մեր դիրքեր ու առաջանալ։ Մեր հրետանային կրակից հետո դիմել են փախուստի։ Դրանք հիմնականում առանց զրահատեխնիկայի խմբեր են եղել։ Հարավային ուղղությամբ մի քանի օջախային մարտերը շարունակվել են. ուղղությունը թեքվել է ավելի հարավ՝ ավելի մոտ Արաքսի հունին։ Օջախային մի քանի առանձին տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են, որևէ խմբավորում որևէ միլիմետր առաջ չի եկել, հակառակորդը կրել է զգալի կորուստներ։ Օդուժ, որպես այդպիսին, շատ չի կիրառվել, չնայած առավոտյան մեր զինուժի կողմից խոցվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ մարտերը շարունակվում են, թեև այնքան թեժ չեն, ինչպես նախորդ օրերին։ Բայց, ըստ ՊՆ ներկայացուցչի, հակառակորդը կիրառում է հրետանի, քիչ քանակությամբ զրահատեխնիկա և մեծ թվով դիվերսիոն խմբեր և հետևակ, ինչպես նաև օդուժ։
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան. Հազար ասինք, մենք «Ուրագան» չունենք
- ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ թշնամու ինքնաթիռ են խոցել