Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները. Հովհաննիսյան
«Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ադրբեջանցիների նկարահանած բեմադրված տեսանյութի մասին հարցին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են հայերը իբր խոզերին քշել մզկիթ:
«Սա հակամարտությանը կրոնական բնույթ տալու, ինչպես նաև խնդիրը ցավոտ գլխից առողջ տեղափոխելու առաջին փորձը չէ: Համապատասխան հայտարարությունները արվել են Իլհամ Ալիեւի մակարդակով: Դրանում զարմանալի ոչինչ չկա»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ռազմաճակատում բժիշկների աշխատանքին՝ ՊՆ ներկայացուցիչը նշեց՝ բժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է և վտանգավոր:
«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլ նաև ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաև առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները և նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը: