Զոհվածների հետ համատեղությամբ ապրող ծնողները, երեխաներն ու ամուսինները կազատվեն վարկային պարտավորություններից
«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, այդ դեպքում վարկային պարտավորություն ասելով նկատի են առնվել ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները։
Բացի այդ, ըստ փոխնախարարի, հնարավորություն է ընձեռվում առանց վարկային հետևանքների ներել հենց մարտական գործողություններին մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլ նաև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապ ունեցողների՝ համատեղությամբ ապրող ծնողների, ամուսնու և համատեղությամբ ապրող զավակների վարկային պարտավորությունները։
«Առաջ բացառություն էր նախատեսվում ԱՁ-ների և նոտարների համար, այն դեպքերում, երբ նրանք, լինելով ֆիզիկական անձինք, այդուհանդերձ վարկերը վերցրել են՝ որպես ԱՁ-ներ կամ նոտարներ, այսինքն՝ որպես բիզնես սուբյեկտներ։ Հիմա առաջարկում ենք, որ նրանց նույնպես այս հնարավորությունը տրվի»,- ներկայացրեց փոխնախարարը։