Հնարավորություն կտրվի ներելու մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները
Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում միաձայն ընդունել է կառավարության ներկայացրած երկու կարևոր օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերում էին ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նախագծերը Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Մասնավորապես, «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առնչվում է հանրության լայն շերտերին, հնարավորություն է տալիս բանկերին ու վարկային կազմակերպություններին ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ընդ որում՝ ոչ միայն տույժ տուգանքները, այլև վարկի մայր գումարները:
«Սա, կարծում եմ, կարևոր դրվագ է։ Նախագիծը նպատակ ունի ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները ներել, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ», -ներկայացրել է փոխնախարար Արման Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը գործելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող գումարներ, որպեսզի հարկային գործակալը ստիպված չլինի ներվող գումարի համար հաշվարկել ու եկամտային հարկ վճարել: Նախագիծը հնարավորություն է տալու ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:
«Նախագծով առաջարկվող արտոնյալ կարգավորումները կիրառելի կլինեն ոչ միայն դասական առումով վարկերի նկատմամբ, այլ նաև ուրիշ ֆինանսական գործիքների նկատմամբ, որոնք այլընտանք են վարկերին՝ լիզինգներ, ծախսերի, պարտքերի ֆինանսավորում և այլն։ Այս առումով կարգավորումները դարձել են ավելի ընդհանուր նշանակության և ավելի համապարփակ»,- ներկայացրել է փոխնախարարը։
Նա ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությունը չի պարտավորեցնում բանկերին ներել նշված խմբի անձանց վարկային պարտավորությունները, այլ ստեղծում է հարկային նպաստավոր միջավայր, որի շրջանակում բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել հարկային պարտավորությունները։
«Խոսքը հնարավորությունների և նպաստավոր պայմանների մասին է, քանի որ իրականում հնարավոր էլ չէ պարտադրել քաղաքացիաիրավական հարաբերությունների կողմերից որևէ մեկին ներել մյուս կողմի նկատմամբ պահանջի իրավունքը։ Պետք է ստեղծվի նպաստավոր միջավայր սեփական կամքով այդ քայլին գնալու համար», -նշել է փոխնախարար Արման Պողոսյանը։
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր ընդունված մյուս օրինագիծը՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին», հարկերից ազատում է Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից: