1000 դրամների շնորհիվ մենք կուտակել ենք շուրջ 30 մլրդ դրամ գումար. Վարուժան Ավետիքյան
«Հիմնադրամն ունի մեկ նպատակ՝ ապահովել մեր սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավոր դարձած հերոսների ընտանիքների ֆինանսական կայունությունը»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նրա խոսքով, գրեթե չորս տարվա ընթացքում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և ՀՀ-ում աշխատող յուրաքանչյուր ոք հիմնադրամին ամսական վճարել է 1000 դրամ։ Այդ գումարի շնորհիվ կուտակվել է 30 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց արժանապատիվ կյանքը։
«Այս պահին չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները կատարեն նաև նվիրաբերություններ, որովհետև, ցավոք սրտի, պատերազմը դեռևս չի ավարտվել, մի օր ավարտվելու է՝ հաստատ մեր հաղթանակով։ Եվ մինչև այդ օրը գա, սահմանին գտնվող մեր զինծառայողները պիտի վստահ լինեն, որ իրենց ընտանիքները ֆինանսապես կապահովվեն և իրենց ֆինանսական կայունությունն առկա է։ Մենք հատուցումներ ենք տրամադրում ինչպես զոհված, այնես էլ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին։
Հատուցումներ են տրամադրվում նաև մեր անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Յուրաքանչյուր ընտանիքի մենք տրամադրում ենք 120-160 հազար դոլար գումար։ Եվ հատուցումներ տրամադրում ենք երկու եղանակով՝ միանվագ վճար՝ 10 մլն դրամ, եթե անձը զոհվել է, անհայտ կորել կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերել, և 5 մլն դրամ, եթե անձը ձեռք է բերել երկրորդ կարգի հաշմանդամություն»,- ներկայացրեց նա։
Վարուժան Ավետիքյանը տեղեկացրեց, որ նվիրատվություն կատարելու համար քաղաքացիները կարող են այցելել 1000+.am կայք, ապա մուտքագրել քարտային տվյալներն ու յուրաքանչյուր ամիս գումար փոխանցել։