Կրակային այս խտության պարագայում ստատիկ բնագծեր պահելը հազարավոր կորուստներ է նշանակում. Հովհաննիսյան
«Սահմանին կայուն լարված վիճակ է, այսինքն՝ մարտական գործողությունները չեն դադարում, ուղղակի գիշերային ժամերին մի փոքր թուլանում է լարվածության աստիճանը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով սահմանին տիրող իրավիճակը։
Նրա խոսքով, կիզակետում է մնում հարավային ուղղությունը. մյուս ուղղություններում էլ են ռազմական գործողություններ գնում, բայց ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես հարավում։
«Երեկ հաջողվել է հակառակորդի առաջխաղացումը կասեցնել, որոշ հատվածներում նաև նրան հետ շպրտել։ Հարաբերական բնագիծ է ստեղծվել, որի վրա էլ մարտական գործողությունները շարունակվում են այս պահի դրությամբ»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Հարց. Տարածքների քանի՞ տոկոսի կորուստ ունենք այս պահին։
Ա. Հովհաննիսյան. Նման ինֆորմացիա տալ չեմ կարող, քանի որ ոչ ոք չի կարող ասել՝ ինչն է կորած և ինչը կորած չէ։ Մարտական գործողությունների ժամանակ ցանկացած օր պատկերը փոխվում է։ Բացի այդ, մեր կամ իրենց ինչ-որ ստորաբաժանում կարող է մտնել ինչ-որ բնակավայր, բայց երկու ժամ հետո դուրս շպրտվել այդտեղից։ Կամ կարող է մտնել ու առանց դիմադրության վերցնել այդ բնակավայրը։ Ամեն րոպե իրավիճակ է փոխվում։ Օրինակ, տեսեք, ադրբեջանցիները մտնում են մի բնակավայր, նկարում են ու ասում՝ տեսեք՝ այսինչը վերցրել ենք։ Վերջ, կերակրեցին իրենց, բայց ասենք երկու ժամ հետո մենք այդ բնակավայրը հետ ենք վերցնում, ու չենք գնում, հատուկ նկարում՝ ցույց տալու, որ այսինչ բնակավայրը հետ վերցրինք։ Ի սկզբանե մենք գիտենք, որ այդ բնակավայրի համար չի կռիվը։
Հարց. Այս իրավիճակը հանրության մոտ կարծիք է ստեղծում, որ ինչ-որ բան է թաքցվում։
Ա. Հովհաննիսյան. Ցավում եմ, որ շատերը նոր սերնդի պատերազմի պահանջները չեն հասկանում։ Մարդիկ միշտ անցյալ պատերազմներին են պատրաստվում, և հիմա մտածում են անցյալ պատերազմներով, այսինքն՝ միայն բնագծեր պահելու մասին։ Հիմա լրիվ այլ պատերազմ է, և կրակային այս խտության պարագայում ստատիկ բնագծեր պահելը հազարավոր կորուստներ է նշանակում։ Երբ դիմացդ 400-500 հրանոթ է կրակում, դու չես կարող ասել՝ խրամատից դուրս մի եկեք, որ բնագծերը պահեք։ Այդ դեպքում ամբողջ անձնակազմին մահվան ես դատապարտում։ Չի կարելի։ Շատ ճկուն, դինամիկ պատերազմ է։
Հարց. Պատերազմի 25-րդ օրն է, ո՞րն է մեր ձեռքբերումը։
Ա. Հովհաննիսյան. Մեր ձեռքբերումը չկորցրած հայրենիքն է։ Հակառակորդի բանակի ողնաշարը, չեմ ասում լիովին, բայց ջարդված է, և մեր հայրենիքը կորսված չէ։ Այս պատերազմը մի քանի գյուղի համար չէ, սա մեծ պատերազմ է։ Սա մեր լինելիության պատերազմն է։ Մեր ձեռքբերումն այն է, որ մենք՝ որպես պետություն, ազգ, համակարգ գործում ենք, վերազինվում ենք, պատերազմում ենք։ Մենք չենք ոչնչացել, իսկ մեզնից 12 անգամ մեծ ուժերը մեզ ոչնչացնելու պլան ունեին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան