Էդմոն Մարուքյանը տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին
«Ես շուրջ 24 օր որևէ ներքաղաքական մեկնաբանություն չեմ արել և հիմա էլ չեմ կարող մեկնաբանել: Դրա պատասխանը պետք է տա վարչապետը կամ դրա մասին խոսենք պատերազմի ավարտից հետո»,- ԱԺ-ում հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցի, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պատերազմի սկսման պատճառն եղել է այն, որ վարչապետը չի շարունակել կիսատ թողած բանակցություններն, այլ սկսել է իր կետից:
Մարուքյանը հայտարարեց, որ տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին և լրագրողներին առաջարկեց ճշտել այն: Նրա խոսքով, հնարավոր է որ երեքից մեկի հետ չի եղել հանդիպում, բայց մյուսների հետ եղել է:
Պատգամավորը գտնում է, որ միասնականության մասին քաղաքական ուժերի կոչերը մնացել են թղթի վրա:
Անդրադառնալով օպերատիվ կառավարման միասնական շտաբի ձևավորման հայտարարությանը՝ Մարուքյանը նշեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ունեն ներուժ, առաջին օրվանից առաջարկներ արել են և կարիք չկար նման հայտարարությամբ նորից հանդես գալ:
«Օպերատիվ կառավարման իմաստով, ես կարծում եմ, որ կոլեգիալ մարմինների ներգրավումը կարող է բերել կոլեգիալ անպատասխանատվության»,- հայտնեց պատգամավորը և շեշտեց, որ կա մեկ պատասխանատու՝ իշխանությունը և նա պետք է որոշի օգտագործի այլ ուժերի առաջարկները, թե ոչ:
«Հստակ կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ի հետ կապված դիմումի հարց չի քննարկվում, քանի որ իշխանությունը գտնում է, որ պետք չէ այս պահին դիմել»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ հայտնեց Մարուքյանը և նկատեց, որ Ռուսաստանն արդեն ունի իր վրա վերցրած մի բեռ՝ հումանիտար զինադադարը, որը չի իրագործվել:
Նրա խոսքով, անկախության օրվանից սկսած Հայաստանի հայացքն ուղղված է Ռուսաստանին, այսօր հայացքի թեմա չի քննարկվում: Ըստ Մարուքյանի, Հայաստանն ունի մի ռազմավարական գործընկեր և գտնվում է մի ռազմաքաղաքական միավորման մեջ, որի առաջնորդ երկիրը Ռուսաստանն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով, արևմուտքը ողջունել է Ռուսաստանի միջնորդությունը, ինչը նշանակում է՝ վերջինս ունի մանդատ և եթե նա միջամտի հակամարտությանը, որևէ մեկը չի դատապարտի այդ միջամտությունը:
Մարուքյանը չի կիսում այն կարծիքը, որ ՌԴ-ն հանդես է գալիս միայն Մինսկի խմբի անդամ երկրի չեզոք դիրքերից: Նրա խոսքով, Հայաստանի դաշնակից երկիրն արել և անում է շատ բաներ, որոնց մասին հնարավոր է հանրությունը չգիտի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան