Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 9 հարցից հրատապության կարգով ընդունեց միայն երկուսը
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում նախագահող Բաբկեն Թունյանը հայտնեց, որ օրակարգում կա առաջին ընթերցման 3 հարց և երկրորդ ընթերցման 6 հարց, սակայն դրանցից հրատապ է համարվել միայն երկուսը:
Հանձնաժողովում ներկայացվեց Հարկային օրենսգրքում և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Ներկայացնելով առաջին նախագիծը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնեց, որ օրենքում կա կետ, որով արգելվում է մասնագիտացված խանութներում կազմակերպության 10 տոկոսից ավելի ենթաակցիզային ապրանքների վաճառքը:
Նրա խոսքով, այն արվում էր հարկերից խուսափման քայլերը կանխարգելելու համար, բայց նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը բացառել է նման դեպքերը և հիմա ավելորդ վարչարարություն է իրականացվում, որը խոչընդոտում է հարկային լրացուցիչ մուտքերին: Փոխնախարարը հայտնեց, որ այդ պատճառով էլ կառավարությունը որոշել է այդ կետը հանել:
Նա նաև հայտնեց, որ օրենքն ունենալու է հետադրաձ ուժ և նախկինում հայտնաբերված 10-ից ավելի տոկոս վաճառքի դեպքերի համար սահմանված վարչական տույժերը չեն կիրառվի:
Երկրորդ նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն միջպետական, միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի փոխոսությամբ առաջարկվում է ` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել նախարարությանը:
Հանձնաժողովը հաստատեց երկու նախագծերը, որոնք երկրորդ ընթերցմամբ կընդգրկվեն ԱԺ լիագումար նիստ: