Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել
Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախին սատարող բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով բանաձևի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը.
Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ ուղղված Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:
Այս հողը հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ 1921 թ․ այն բռնակցվել է Ադրբեջանին: 1988 թվականից սկսած ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի: Նույն կերպ Արցախի ժողովուրդը հանրաքվեի արդյունքում հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով նվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց մի անխնա պատերազմ: Հակամարտության խաղաղ լուծման նպատակով միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:
Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որն անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:
2014 թվականից սկսած Վիեն քաղաքը մասնակցում է հանուն խաղաղության այս պայքարին՝ Արցախի հարավում գտնվող Հադրութ քաղաքի հետ ստորագրելով բարեկամության հռչակագիր: Սա հնարավորություն ընձեռնեց կապեր հաստատել Հադրութի քաղաքապետարանի հետ: Հռչակագրի ստորագրումից ի վեր Վիենում գործող ասոցիացիաները նույնպես միացել են նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով Հադրութի համար կրթական և մշակութային ծրագրեր կյանքի կոչել:
Արցախի և Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:
Հետևաբար, Վիենի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչությանը և դիմում Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է իր բնակչության անվտանգության, տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավականը»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև
- Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
- Իտալիայի խորհրդարանը Արցախի հարցով բանաձև կընդունի Եվրախորհրդի համար. Ջենարո Միլիորեն
- Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև
- Ֆրանսիայի 173 քաղաքական գործիչներ կոչ են անում Ֆրանսիային՝ սատարել Հայաստանին
- Լայչակ․Սլովակիան լիարժեք սատարում է ԼՂ հարցի հանգուցալուծման գործընթացին, որն առաջնորդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները