Առաջարկվում է ներել ռազմաճակատում զոհված կամ վիրավորված քաղաքացիների վարկային պարտավորությունները
Մեկնարկել է Կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը, գրանցվել է 84 պատգամավոր։ Օրակարգային երկու հարցերի մեկը վերաբերում է ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություն սահմանելուն։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը ԱԺ պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված զինծառայողների հիշատակը։
Ապա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն առաջարկում է օրակարգային հարցերը քննարկել հատուկ ռեժիմով, և ներկայացված նախագծերի երկրորդ ընթերցումն իրականացնել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամի ընթացքում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ Կառավարությունը երկու հարց է բերել օրակարգ, որոնցից առաջինը վերաբերում է ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելուն, իսկ երկրորդը՝ «Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելուն։
«Նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է երկրում ստեղծված ռազմական դրությամբ և ստեղծված իրադրությամբ։ Առաջին նախաձեռնության շրջանակում առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետև հումանիտար, ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ, որպեսզի գործընթացն ավելի հեշտ լինի։
Եվ երկրորդ նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները»,- նշեց ֆինանսների փոխնախարարը։