Արցախում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի հնարավոր տարբերակներն՝ ըստ Կոնստանտին Զատուլին
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը NSN-ին տված հարցազրույցում թվարկել է Ռուսաստանի արձագանքի հնարավոր տարբերակները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը:
Ըստ Զատուլինի, հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը` ռազմական ռևանշի հասնելու համար, ուստի նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Պատգամավորը խոստովանեց, որ վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, բայց նշեց մի քանի տարբերակներ, այդ թվում` ՀՀ-ում դեսանտային գործողություններ իրականացնելը:
«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ամրապնդման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու ձևով` դեսանտային գործողության միջոցով հայկական, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությամբ: Օդային շրջափակումը բացելով: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ պետք եղած ժամանակ պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով անհրաժեշտ ուժերն ու միջոցները կուղարկվեն Հայաստան: Սա հարկադրված որոշում է, քանի որ մենք խոսում ենք Կովկասում զինյալների տարածման մասին, որից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Կա սպառնալիք հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է այս տարածաշրջանում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք», - ասաց Զատուլինը:
Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը առայժմ դիվանագիտական լուծում չունի: Պատգամավորը նաև ափսոսանք հայտնեց, որ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին, բանակցային գործընթացն իրականում առաջ չի շարժվում, քանի որ ադրբեջանական կողմը ռազմական լուծում է ակնկալում և ակնհայտորեն անընդունելի պայմաններ առաջադրում:
«Ուստի մենք կարող ենք մասամբ համաձայնել Փաշինյանի ասածի հետ: Այլ բան է, որ այս մակարդակի քաղաքական գործիչը պետք է իմանա, որ ամեն իմացած չէ, որ պետք է ասվի: Հայտարարել, որ դիվանագիտական բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում, նշանակում է բացել ձեր խաղաքարտերը: Եվ դա պետք չէր անել: Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է իր դիրքերը և կողմ է բանակցություններին՝ միևնույն ժամանակ, շարունակելով հարձակումը և կուլիսներում անընդունելի պահանջներ առաջադրելը: Բայց արտաքինից դա խաղաղության դրսևորման տեսք ունի: Ադրբեջանը սկսում է միավորներ հավաքել», - ասաց Զատուլինը:
Հարակից հրապարակումներ`
- Եվ մի վիրավորեք միտքս՝ մեկ այլ բան պատմելով. Կոնստանտին Զատուլինի կոշտ պատասխանը ադրբեջանցի գրողին
- Թուրքիան փորձում է աշխարհը տանել միջնադար. Կոնստանտին Զատուլին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան