Տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք. Դանիելյան
Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքների, կրթվածության ու դաստիարակության աստիճանով ու որքանով վերը նշված պարամետրերը ցածր են, այնքանով տեսակետները վճռական են, հայհոյախառն ու, չվախենանք գնահատականից, անգրագետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Բայց այդ դրսևորման մի ասպեկտի մասին եմ ցանկանում գրել, որն արդեն ազդում է ազգային անվտանգությանը: Խոսքը ոչ թե ներազգային ինֆորմացիոն տիրույթի մասին է, այլ՝ միջազգային:
Մի հսկա զանգված, որը, նորից եմ նշում, վերը նշված պարամետրերով չափազանց ցածր մակարդակում է գտնվում, հորդել է հատկապես ռուսալեզու (ոչ միայն ռուսական) սոցիալական ցանցեր, հրապարակումների մեկնաբանությունների բաժիններ, ու հայհոյանքների ու տգիտության տարափ է տարածում այնտեղ, մեր դեմ տրամադրելով մարդկանց ու հասարակություններին, որոնք ոչ Արցախի պատերազմի հետ առընչություն ունեն, որ էլ մեր թշնամիներն են:
Արդեն տարբեր երկրների մեկնաբանները հաղորդումների ժամանակ նշում են այդ երևույթը ու մեր նկատմամբ բացասական տրամադրվում:
Խնդրում եմ, տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք, մի քննարկեք բաներ, որոնցից գաղափար չունեք: Դրանով մեծ վնաս եք հասցնում:
Հեղափոխական անհանդուրժողականությունն, պատեհ ու անպատեհ առիթներով անիմաստ լեզվակռվի մի բռնվեք, այլ ազգերի հանդեպ բացասական ու թշնամական արտահայտություններ մի օգտագործեք: Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել:
Ներհայկական տիրույթի փոխադարձ ատելությունն ու հայհայանքները չափազանց առատ են, այդ բացասական էներգին արդեն միջազգային տիրույթում մի տարածեք, եթե հիմնավորված, փաստարկված տեսակետներ չեք կարողանում հայտնել, թեման չեք տիրապետում, զրուցակցի տեսակետը ի վիճակի չեք հարգել, ուղղակի մի գրեք, դրանով շատ մեծ վնաս եք հասցնում:
Արդեն որերրորդ հաղորդումն եմ դիտում, որտեղ զարմացած են հայերի լեզվի ոճից, մակարդակից, մտածողությունից»,- գրել է նա։