Ալիևն ասել է՝ Պուտինից հրավեր չի ստացել
Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի աջակցությամբ ու սիրիացի, լիբիացի վարձկանների ներգրավմամբ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը չի բացառել Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ալևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ինքը Մոսկվա այցելելու հրավիր չի ստացել։
«Այո, դա (հանդիպումը-խմբ.) հնարավոր է, նման հանդիպումներ կայացել են նաև նախկինում։Ամեն ինչ կախված է օրակարգից»,-ասել է նա՝ ավելացնելով, որ այսօր խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են։
Երեկ ժողովրդին ուղղված իր ուղերձում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
««Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ։ Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումներով լուծելու պատրաստակամություն ունենք։ Փոխզիջում նշանակում է ազգային նշաձողից կարող ենք մի բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ մյուս կողմն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ մի բան պետք է իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, ու դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ
- ՌԴ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը