Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։
Գրավի չափն է 100 միլիոն դրամ։
Սամվել Դիլբանդյանն ասաց, որ դատարանը գնահատելով իրենց միջնորդության մեջ բերված բոլոր իրավական և փաստական հանգամանքները, ըստ էության, կայացրեց արդարացի որոշում։
Հարցին՝ արդյոք այսօր արդեն ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը, կհասցնե՞ն գրավի գումարը վճարել, փաստաբանն ասաց, որ պետք է հասցնեն, միջոցներ ձեռնարկում են։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը պարզ կլինի 18։00-ին
- «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված
- Գագիկ Ծառուկյանը կմնա կալանավորված
- Այսօր Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Մելքումյան
- Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
- Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
- Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին