Կովկասում պատերազմը մոտենում է Թուրքիայում ապրող հայերին
Թուրքիայում ապրող հայերից ոմանք դեմ են արտահայտվում Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը, չնայած վախենում են, որ այդ երկրի կառավարության կողմից Ադրբեջանին ցուցաբերվող մեծ աջակցությունը կարող է խթանել ազգայնական հաշվեհարդարներ:
Թուրքիայում այս օրերին երբ Նորայր Օլգարը միացնում է նորությունները, հիմնական թեման հարևան Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն է։ Օլգարի համար, որ Ստամբուլի հայկական փոքր համայնքի անդամ է, անսովոր վիճակ է։
Ադրբեջանի հաջողություններին նվիրված լուսաբանումները նա որակում է սյուրռեալիստական, հակամարդկային, միակողմանի՝ նման համակարգչային խաղի, երբ անտեսվում են պատերազմի մարդկային զոհերը։
«Նրանք այնպես են նկարագրում տարածքների հրետակոծումն ու ոչնչացումը, կարծես այնտեղ մարդիկ չեն ապրում, ուղղակի համակարգչային խաղում շարժվող օբյեկտներ են։ Նրանք հրահրում են հակամարտությունը։ Որպես Թուրքիայում ապրող հայեր՝ մենք գիտենք, որ մեդիան կարող է մեզ թիրախավորել, մենք շատ անհանգստացած ենք»,- պատմել է 28-ամյա Օլգարը Eurasianet-ին։
Թուրքիայի խորհրդարանի՝ հայ արմատներ ունեցող ընդդիմադիր պատգամավոր Գարո Փայլանը պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան միշտ է կանգնած եղել Ադրբեջանի կողքին, բայց այս անգամ ցուցաբերում է ռազմական աջակցություն, ինչը նշանակում է պատերազմի մեջ մտնել։
«Թուրքիան հիմա յուղ է լցնում ազգայնականության կրակին՝ վախեցնելով դեռ այստեղ ապրող մի բուռ հայերի: Սա կրակի հետ խաղ է»,- նշել է նա։
Փայլանը պատմել է, որ ինքն էլ թիրախավորված է իր հայկական ծագման ու խաղաղության կոչերի համար, միաժամանակ ընդգծել, որ լռելը չի ապահովում իր անվտանգությունը։
Աղբյուրը նշում է, որ Օլգարն ու հայ մի քանի ակտիվիստներ «Նոր Զարթոնք»-ում հրապարակել էին խաղաղության կոչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Երիտասարդը ցավ է հայտնել, որ ավելի շատ մարդիկ չեն բարձրացնում իրենց ձայնը, քանի որ լռությունը կարող է ընկալվել իրականության ընդունում։
Մինչ հայերը համերաշխության ցույցեր են կազմակերպում Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, խաղաղությունը պաշտպանելը համարձակ դիրքորոշում է հատկապես Թուրքիայում, որտեղ նույնիսկ կառավարության քաղաքական ընդդիմախոսներն աջակցում են Ադրբեջանին: