Վլադիմիր Պուտին. Օրը մի քանի անգամ ես հեռախոսազրույց եմ ունենում Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ է ցանկանում ԼՂ հարցով փոխզիջումներ գտնել։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ինքն օրական մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ես շատ եմ ուզում, որ այդ փոխզիջումը գտնվի»,- հայտարարել է ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբում։
Ինչ վերաբերում է ԼՂ հարցում Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև առկա հակասություններին, ապա Պուտինը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի չարաշահում երկրների միջև առկա հակասությունները։
«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ներսում առկա վեճերին՝ մասնավորապես Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև, մենք երբեք չենք չարաշահում այլ պետությունների միջև առաջացած տարաձայնությունները։ Մենք Ֆրանսիայի հետ ունենք կայուն լավ, բայց ես դեռ չէի ասի՝ լիարժեք հարաբերություններ, որոնք լավ հեռանկար ունեն։ Ամեն դեպքում մենք Ֆրանսիայի հետ հարաբերությունների լավ պատմություն ունենք։ Թուրքիայի հետ համագործակցության աճող ծավալ ունենք, ընդհանրապես, Թուրքիան մեր հարևանն է»,-ասել է ՌԴ նախագահը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը որդեգրել է Օսմանյան կայսրության քաղաքականությունը՝ ցանկանալով մեծացնել իր ազդեցության գոտիները, Պուտինը պատասխանել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Էրդողանի ու Օսմանյան կայսրության ժառանգության կապի մասին։
«Ես չգիտեմ, թե ինչ է նախատեսում Էրդողանը, ինչպես է վերաբերվում Օսմանյան ժառանգությանը։ Այդ մասին նրան հարցրեք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան