Քիչ չեն COVID-19-ով հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել. Պարոնյան
«Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում: Շատ են նաև հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի իրենց ընդունելու համար»,- այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:
Նրա խոսքով, քիչ չեն դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են և դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել:
«Չնայած առողջապահական համակարգի ռեսուրսները անընդհատ ընդլայնվում են, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում, վարակակիրների թվի աճը կարող է բերել նրան, որ համակարգը կոլապսի առաջ հայտնվի, և հիվանդանոցներում այլևս տեղ չլինի ծանր հիվանդներին ընդունելու համար»,- շեշտեց նա:
Մասնագետը տեղեկացրեց, որ վերջին օրերին՝ ամեն օր մոտ 500 դեպքով ավելի է գրանցվում, քան նախորդ օրը, և դա լուրջ խնդիր է առողջապահական համակարգի համար:
«Թվերի աճն էլ պայմանավորված է նրանով, որ պատերազմական իրավիճակում բոլորի ուշադրությունը ռազմաճակատի կողմն է ուղղված, և կորոնավիրուսը կարծես երկրորդ պլան է մղվել: Սակայն չի կարելի մոռանալ, որ այս իրավիճակում բժիշկները և առողջապահական ռեսուրսները անհրաժեշտ են նաև Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինվորներին:
Լուսինե Պարոնյանի խոսքով, Հայաստանն արդեն ունի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջողված փորձ. երբ մարդիկ խստորեն հետևում էին հակահամաճարակային կանոններին, հիվանդացությունը զգալիորեն նվազել էր.
«Հիմա ևս անհրաժեշտ է սկսել խստորեն հետևել երեք պարզ կանոնների՝ կրել դիմակ, լվանալ ձեռքերը և պահել սոցիալական հեռավորություն:
Հիշենք մեր ռազմաճակատի մասին։ Մենք պիտի ամուր լինենք, մենք պիտի ունենանք առողջ թիկունք, որ կարողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան