ԿԳՄՍ. Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների և դրանց ներդրման կարգի նախագիծը։
Նախարարության փոխանցմամբ, մոդելների ներդրման հիմնական նպատակներն են՝ hանրապետության այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական ծառայություններ, ձևավորել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայություններ, որոնք հնարավորություն կընձեռեն մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ոլորտում և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար ապահովել մատչելիություն:
Մոդելներից որևէ մեկի ներդրման արդյունքում արդյունավետ մեխանիզմներ կիրառել նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման համակարգում:
Այլընտրանքային նախադպրոցական կրթությունը կազմակերպելով համայնքահեն եղանակով՝ նախադպրոցական հաստատություն չունեցող բնակավայրերում այն դարձնել ցածր արժողությամբ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող կառույց:
Առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցման մի քանի տարբերակ․
Տարբերակ 1՝ ծառայությունները կարճօրյա են՝ 3.5-4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման: Խմբում երեխաների առավելագույն քանակը` 30։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է գործող համայնքային հաստատություն (համայնքապետարան, մշակույթի կենտրոն)։
Տարբերակ 2 /8 ժամ/ կիրառելի է, եթե երեխաների թիվը փոքր է՝ 15-20 երեխա, և համայնքն ունի միջոցներ՝ ամբողջ օրով նախադպրոցական կրթություն տրամադրելու համար։
Տարբերակ 3 /4-4.5 ժամ/՝ կիրառելի է, եթե համայնքում երեխաների թիվը մինչև 15 է, և համայնքը չունի մյուս մոդելներն իրականացնելու հնարավորություն։ Նպատակահարմար է կիրառել, եթե բնակավայրում առկա է համապատասխան պայմաններ ունեցող տուն։ Համայնքը կարող է համակարգել մինչև 3 տան պայմաններում մատուցվող ծառայությունը։
Տարբերակ 4 /8 ժամ/՝ կիրառելի է, եթե նախադպրոցական կրթական ծառայության կազմակերպման համար համայնքն ունի միջոցներ, սակայն չունի շենքային պայմաններ։ Նպատակահարմար է կիրառել, եթե համայնքում առկա է մինչև 15 երեխա ընդունելու համար նախատեսված տուն։
Տարբերակ 5՝ կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում՝ տվյալ համայնքում արդեն գործող նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաճյուղ ստեղծելու կամ իրավաբանական անձի վերակազմակերպում իրականացնելու միջոցով՝ փոփոխություն կատարելով գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ:
Տարբերակ 6՝ դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-6 տարեկանների համար: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:
Տարբերակ 7՝ դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում՝ 5-ից 6 տարեկան երեխաների համար:
Տարբերակ 8 (մոբայլ)՝ նպատակահարմար է, եթե համայնքի երեխաների թիվը մինչև 15 է, և նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար կա մասնագետների խնդիր։ Ենթադրում է մասնագիտական թիմի կողմից 1 օրվա ընթացքում առնվազն 2-3 համայնքում նախադպրոցական ծառայությունների մատուցում։
Նախարարությունից մանրամասնում են, որ մոդելների ներդրումն իրականացվելու է բացառապես այն բնակավայրերում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի գործում: Այն տեղի կունենա հետևյալ փուլերով՝ համայնքների հայտերի ներկայացում, դրանց գնահատում, բնակավայրերի ընտրություն ու համապատասխան մոդելի հաստատում, դրամաշնորհի հատկացում և հաշվետվությունների ընդունում:
Հայտի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի այն բնակավայրերին, որոնք կներկայացնեն մոդելի գործունեության շարունակականության ապահովման հնարավորություններն ու երաշխիքները: Առաջնահերթություն կտրվի նաև Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակ ունեցող, ինչպես նաև հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերին։