Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը․ Ռումինիայում ՀՀ դեսպան
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կրեցուի հետ։Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Դեսպան Մինասյանը զրուցակցին տեղեկացրել է Արցախի և ՀՀ դեմ, Թուրքիայի աջակցությամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Տիկին Կրեցուի խնդրանքով դեսպան Մինասյանը ներկայացրեց հակամարտության առանձնահատկությունները, հատկապես Թուրքիայի ներգրավվածության մանրամասները՝ զինված ուժերի, խորհրդատվության և Ադրբեջանին մատակարարվող ռազմատեխնիկայի ներգրավման առումով։ Տեղեկացվեց, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչների է բերել տարածաշրջան Մերձավոր Արևելքից, ինչի մասին հայտարարություններ են կատարել Ֆրանսիայի, ՌԴ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ փաստերն արձանագրվել են տասնյակ միջազգային հրապարակումներում։
Դեսպան Մինասյանն անդրադարձել է Արցախում սկսվող մարդասիրական ճգնաժամին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի շարունակ գնդակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման արդյունքում գրանցվել են մի քանի տասնյակ զոհեր, իսկ փախստականների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Դեսպան Մինասյանի խոսքով՝ Ադրբեջանի նման քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, ինչը նշանակում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցն առաջին հերթին լուծելու է Արցախի բնակչության ապահովան կենսական և հրատապ խնդիրը։
Ռումինիայի Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռումինիան պաշտպանում է ԵՄ դիրքորոշումը։ Սենատորը խորը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ, ընգծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան