Միջազգային կառույցների համար պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան երեխաների իրավունքները. Խաչատրյան
«Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում կրթությունն ու երեխաները տուժում են՝ որպես առաջնային օղակներ»,- այսօր «Հումանիտար աղետ. արցախցիների կրթության իրավունքի ոտնահարումը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունների օրակարգում միշտ շեշտվում է գաղափարը՝ բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, որ բոլոր երեխաները կարևոր են։ Իսկ դա, ըստ Խաչատրյանի, ենթադրում է, որ անկախ նրանից, թե երեխան որ տարածքում է ապրում, ինչ խավի ու սեռի է, պետք է ունենա կրթության իրավունք։
«Բայց, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում կա այսպես ասած անտարբերություն ու լռություն՝ Արցախի երեխաների կյանքի, կրթության և ընդհանրապես, ամբողջական իրավունքների նկատմամբ։ Եվ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այն խնդիրը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան ինչ-որ իրավիճակ փոխել կամ զարգացում ապահովել, այնքան էլ չի հաստատվում։ Մենք նորից տեսնում ենք, որ ագրեսորական դրսևորումները կամ պետությունների շահերը շատ ավելի գերակա են, քան հումանիտար օրակարգերն ու երեխաների վերաբերող խնդիրները»,- նշեց նա։
Կրթության քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի կարծիքով, այսօրվա ամենամեծ խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպություններն ու կառույցները, որոնք ի սկզբանե կոչված են պահպանելու համամարդկային արժեքները, այս պահին բացի հայտարարություններից այլ բան չեն անում, և հանդես չեն գալիս իրենց իսկ հռչակած արժեքների պաշտպանությամբ։
«Ընդամենը չորս օր առաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, հարության կողմից եղած ճնշման արդյունքում, շատ զգուշավոր մի հայտարարություն տարածեց, որտեղ, ընդամենը միանալով նմանատիպ հայտարարություններին, ասաց, որ մեղադրում ու դատապարտում է ագրեսիան։ Բայց ոչ ավելի բան չասվեց, և գործուն որևէ մեխանիզմ չնկատվեց։ Նաև ցանկություն չենք տեսնում՝ ավելի գործուն քայլեր անելու։ Կարծում եմ, մենք պետք է այդ կառույցների վրա շատ ավելի մեծ ճնշում գործադրենք և ստիպենք, որ իրենք գնան ու տեղում ծանոթանան իրավիճակին»,- շեշտեց նա։
Ըստ բանախոսի, Արցախի ճանաչված պետություն չլինելը չի արդարացնում միջազգային կառույցների լռությունը՝ այնտեղ տեղի ունեցող ագրեսիայի վերաբերյալ։
Նա պնդում է, որ միջազգային կառույցների վրա ճնշումը պետք է շատացնել ու ստիպել, որ նրանք կատարեն իրենց առաջնային պարտավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան