Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում այս պահին հայ գերիների հարցով երեք ընթացող գործ կա։ Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ավելացնելով, որ ևս երկու գործ նախապատրաստված է, հիմա է ներկայացվում, բացի այդ ութ գործեր էլ օրվա ավարտին կներկայացվեն։
«Այսօր հայ գերիների մասին նոր տեսանյութեր տարածվեցին, դրանցում եղած անձինք նույնականացված են, նրանց ընտանիքների մեծ մասը դիմել է մեզ, բայց դեռ պրոցեսի մեջ է։ Օրվա ավարտին կամփոփենք փաթեթներն ու կուղարկենք դատարանին, վաղն ավելի ճշգրիտ տվյալներ կկարողանանք հայտնել»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր, որ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում էր ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին։ Դատարանը հարցադրումներ էր ուղղել Ադրբեջանին ու դրանց պատասխանելու համար վերջնաժամկետ նշանակել հոկտեմբերի 22-ը։
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայաստանցի փաստաբաններն անհամաբեր սպասում են ՄԻԵԴ-ի գրությանը Ադրբեջանից ստացած տեղեկությունների վերաբերյալ։
«Այն կօգնի մեզ հասկանալ, թե ինչ դիրքորոշումներ է արտահայտել, տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանը ռազմագերիների վերաբերյալ։ Շատ կարևոր հարցադրում է փոխանակման հարցը։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին հարց էր ուղղել, թե երբ են պլանավորում գերիների փոխանակում իրականացնել, ու ովքե՞ր կան այդ ցանկում»,- ասաց նա։
Սոցիալական ցանցերում հաճախ են տարածվում գերի ընկած հայ զինծառայողների վերաբերյալ տեսանյութեր։ Փաստաբանների համար դրանք օգնող ու աջակցող ապացույցներ են։
«Հաշվի առնելով ընթացող դատական պրոցեսները՝ Ադրբեջանը նույնիսկ այդ տեսանյութերի արժանահավատությունն է վերացական կերպով վիճարկում։ Չէի ասի՝ հաջողությամբ են վիճարկում, բայց ապագայում պետք է հաշվի առնենք, որ փորձ է արվելու այդ տեսանյութերի արժանահավատությունը կասկածի տակ դնել»,- նշեց Սահակյանը։
Հարցին, թե Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերաբերյալ հայց ներկայացվե՞լ է ՄԻԵԴ, Ս. Սահակյանը պատասխանեց՝ տեղեկություն չունի հրապարակային աղբյուրներից։
«Եթե նման հայց լիներ, ապա ենթադրվում է, որ նույն ժամկետներում կոմունիկացիա կլիներ նաև Հայաստանի կառավարության հետ»,- մանրամասնեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գերի վերցրած ադրբեջանցի զինվորին հայ բժիշկները վիրահատել են
- Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային վերաբերմունքի մասին տեսանյութերը փոխանցել եմ ԵԽ 47 երկրներին. Մարուքյան
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան