Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և ևս մեկ անգամ կայանալու. Աստվածատուր Պետրոսյան
«Հակառակորդի ձևավորած ահաբեկչական բանդաներն այսօր կռիվ են մղում՝ իրենց ունեցած վերջին սպառազինությունն ու կենդանի միսը նետելով ճակատ»,- մամուլի ասուլիսում հայտնեց «Արծիվ» մահապարտների միություն ՀԿ-ի ղեկավար գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ ներկայացնելով առաջին գծում ընթացող գործողությունները:
Ռազմաճակատից նոր վերադարձած գեներալ-մայորը ներկայացրեց մահապարտների գումարտակների իրականացրած գործողությունները:
Նրա խոսքով, միայն մեկ ուղղությամբ մահապարտները երեք գրոհ են անցկացրել և իրենց դիմաց, մարտական հեռավորության վրա ոչնչացրել են թշնամու 300-400 զինյալ և զրահատեխնիկա:
Պետրոսյանը հայտնեց, որ մահապարտների վաշտն այդ ուղղությամբ ունեցել է 5 զոհ և երեք անհայտ կորած:
Գեներալ-մայորը տեղեկացրեց, որ վիրավորված մահապարտներից մեկը, որը կորցրել էր թևը, մի քանի օր անց, առանց թույլատվության լքել է հոսպիտալը և նորից մեկնել առաջնագիծ:
Աստվածատուր Պետրոսյանը կոչ արեց, որ հայ գործարարները գնեն հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ, ԱԹՍ-ներ և, իրենց անունը գրելով դրանց վրա, ուղարկեն ռազմաճակատ: Նրա խոսքով, սպառազինությունից բացի առաջնագիծը կարիք ունի հայրենասեր և մարտական ոգով զինվորների:
Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, որ նույնպես նոր էր վերադարձել առաջնագծից, հայտնեց, որ ռազմաճակատում մարտական ոգին բարձր է և բոլորը տրամադրված են հաղթելու:
Կին ազատամարտիկի խոսքով, այսօր վճռվում է ոչ թե Արցախի, այլ հայ ժողովրդի հարցը և կոչ արեց, որ բոլորը զենք վերցնեն և պայքարը հասցնեն հաղթանակի, որպեսզի զոհվածների թափած արյունն արժևորվի:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը կոչ արեց հրաժարվել հանուն հայրենիքի զոհվելու մասին կոչերից:
«Գնում ենք ապրելու, գնում ենք հարվածելու և կայանալու ևս մեկ անգամ, որովհետև Աստված իր ձեռքը դրել է մեր վրա, մենք աստվածային ազգ ենք և մեր լեռնաշխարհի ու ազատության համար ենք կռվում»,-եզրափակեց գեներալ-մայորը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի