Դիվերսիոն խմբերից գրեթե լիովին մարքվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով. Հովհաննիսյան
«Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է իր հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում։
Նրա խոսքով, բացի ռազմաճակատում տիրող գործողություններից, օրվա ընթացքում նաև հրթիռակոծվել են Արցախի մի շարք բնակավայրեր, այդ թվում Մարտակերտ քաղաքը՝ հարակից բնակավայրերով, և Բերձոր քաղաքը՝ հարակից բնակավայրերով։ Միայն երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջան։
«Օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի և դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։ Այս ուղղությամբ կոնկրետ կան հաջողություններ։ Մասնավորապես՝ գրեթե լիովին մարքվել է Շեխեր բնակավայրը՝ իր հարակից անտառներով։ Որոշ տեղերում դեռ այդ չեզոքացման աշխատանքները շարունակվում են։ Նույն ժամանակ, այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո զգալի կորուտսներ կրելով, հակառակորդը հետ է շպրտվել։ Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկա, դիմել են փախուստի՝ փորձելով պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ Բերձորից հարավ կոնկրետ ուղղությունը դեպի հյուսիս, հետ է մղվել՝ էլ ավելի դեպի հարավ՝ մեր ԶՈՒ հարձակումների ազդեցության տակ։ Նա ասաց, որ լարվածությունն, ընդհանուր առմամբ պահպանվում է։ Հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ.
«Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում ենք մեր ԶՈՒ-երի կողմից։ Սա է իրական դրությունը, և ես մշտապես նշել ու նշում եմ՝ մեր հաջողությունները հաստատուն են։ Պատերազմը լարված է, ծանր է։ Մեր զինուժը լիովին տիրապետում է իրավիճակին, և հակառակորդին տարբեր ուղղություններով, տարբեր հատվածներում հասցվում են կործանարար հարվածներ, չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ»։
ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ զորքը առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի, բոլոր խնդիրները լուծվում են։
«Եթե այդ կարիքը առաջանում է ընթացքում, ապա ընթացքում էլ լուծվում է Զինված ուժերի մատակարարման և ծառայությունների միջոցով։ Եթե որևէ բանով որևէ մեկն ուզում է օգնել, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, որոնք կարգավորում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։Իսկ եթե խոսքը դրամական միջոցների մասին է, ապա պետք է դրանք ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- նշեց նա։
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ վաղվանից քարտեզով որոշակի տեղեկություններ են ներկայացնելու։
Ըստ նրա, այն, ինչ բլոգերներն են ներկայացնում, լիովին չի արտացոլում իրավիճակը: Քանի որ մարտական գործողությունները հիմա ավելի շատ օջախային են, դրանք քարտեզով ներկայացնելը բնագծային պատկերով հեշտ չի լինի, բայց հայկական կողմը կփորձի:
Հարակից հրապարակումներ`
- Վահրամ Պողոսյան. Ստեփանակերտի հրթիռակոծմանը ՊԲ-ն շատ շուտով պատասխան հարված կհասցնի
- ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանցիները զրահատեխնիկան թողել ու փախել են
- Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, գերեվարվել՝ ադրբեջանական զինուժի զինծառայող․ՊՆ
- 23.10.2020. ՊԲ-ն հրապարակել է 27 զոհված զինծառայողի անուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին